News Georgia-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Սլեպնևը անտրամաբանական է որակել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության հարցում Վրաստանի պահվածքը.
«Թե՛ խոշոր երկրները, թե՛ մնացյալ բոլոր երկրները հասկանում են, որ 18 տարվա բանակցություններից հետո, երբ ամեն ինչ վճռված է, և երբ երկրներից մեկը, ընդ որում՝ ոչ ամենամեծը (Վրաստան), փորձում է առևտրի հետ կապ չունեցող հարցերի միջոցով արգելակել ԱՀԿ-ին խոշոր տնտեսության (Ռուսաստանի) անդամակցությունը, ապա, ամեն դեպքում, դա տրամաբանական չէ։
Այժմ քննարկվում են գործողությունների զարգացման տարբեր սցենարներ։ Հասկանալի է, որ ԱՀԿ-ում որոշումն ընդունվում է կոնսենսուսի հիման վրա, դա ավանդույթ է, որից ոչ ոք չի ցանկանում հետ կանգնել, մենք նույնպես չէինք ցանկանա դրդել այդ քայլին։
ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հնարավորություններն այսօր ավելի մեծ են, քան երբևէ։ Սակայն մյուս կողմից էլ, երբ դրված չէ դրա վերջակետը, չի կարելի ասել, թե ամեն ինչ լուծված է»։
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի միջնորդությամբ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենալու այսօր։









































