Грузия Online-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 27-ին Վրաստան է ժամանելու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն.
«Սա կլինի նրա երկրորդ վրացական այցն այդ կարգավիճակում։ Մենք ուրախ ենք այդ կապակցությամբ։ Մի կողմից՝ Ափաթուրայի այցն ընկալում ենք որպես քաղաքական աջակցություն, իսկ մյուս կողմից էլ՝ որպես ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև համագործակցության խորացման վերաբերյալ շահագրգռվածություն։ Այցի ընթացքում քննարկվելու են այդ համագործակցությանն առնչվող խնդիրներ։
Վրաստանում Ափաթուրայը հանդիպումներ է ունենալու Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի, փոխվարչապետ Գիորգի Բարամիձեի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի հետ։ Բացի այդ, նա այցելելու է նաև Վրաստանի ԱԳՆ»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Վրաստան է այցելելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:









































