Վերջին օրերին հիմնական թեման կոալիցիոն խժդժություններն են, մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունները, և բոլորը սպասում են կոալիցիոն ապահարզանին: Ակտիվացման նշույլներ է ցույց տալիս ԱԺՄ-ն, Տիգրան Կարապետյանն է որոշել միանալ ՀԱԿ-ի հետ, գլխավոր մարքսիստն է հայտարարում, որ նախագահական ընտրություններին առանձին է մասնակցելու: Ու այս ամենի ֆոնին այժմ էլ քննարկվում են հայաստանյան ներքաղաքական դաշտում ԱՄՆ միջամտության հնարավոր տարբերակները: Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն` ԱՄՆ-ը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու արևմտամետ-լիբերալ բլոկ: Ավելին` նշվում է, թե հայաստանյան որ կուսակցություններն են մաս կազմելու այդ բլոկին: Նշվում է, որ այդ ծրագիրն իրագործողները դաշինքի մեջ ցանկանում են միավորել «Հանրապետություն», «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններին…
Այն, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և ինչու ոչ՝ ԵՄ-ն ցանկանում են մեծացնել իրենց ազդեցությունը Հայաստանում, ենթադրում է, որ երկրում իր շահերը ներկայացնող քաղաքական ուժ ունենալն ամենաարդյունավետ ճանապարհն է: Բայց պետք է հաշվի առնել նաև մեկ այլ հանգամանք` Հայաստանում ընդունված է համարել, որ երբ ստեղծվում է ինչ-որ նոր քաղաքական ուժ կամ ինչ-որ միավորում, միանգամից դրա հետևում փնտրում են հովանավորներ, և սկսվում են այս կամ այն գերտերության պրոյեկտ լինելու մասին պատմությունները: Սակայն հատկանշական է նաև այն, որ այս միավորումն այնքան էլ հավատ չի ներշնչում, քանզի դժվար է մեկ միավորման մեջ պատկերացնել վերոնշյալ կուսակցությունները: Եթե «Ազատ դեմոկրատները» և «Ժառանգությունը» հնարավորություն ունեն համագործակցելու, ապա հետաքրքիր է, թե ինչպես է նրանց հետ համագործակցելու «Հանրապետություն» կուսակցությունը, որն արդեն մեկ այլ միավորման` Հայ ազգային կոնգրեսի անդամ է, և այդ հանգամանքը մեզ հետ զրույցում ընդգծեցին նշված երեք կուսակցությունների ներկայացուցիչները:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը մեզ հետ զրույցում հերքեց ԱՄՆ հովանավորությամբ «Հանրապետություն», «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միավորման հանգամանքը, բայց միևնույն ժամանակ նկատեց, որ նման խոսակցությունները սպասելի էին, քանզի Միացյալ Նահանգներն իր շահերն ունի տարածաշրջանում և ցանկանում է, որ տարածաշրջանում իր ներկայացվածությունը շատ ավելի մեծ լինի, քան կա այսօր, որովհետև այսօրվա ներկայությունը իր խնդիրները լուծելու համար չի բավականացնում. «Բնական է, որ առաջիկայում ԱՄՆ-ը կփորձի շատ ավելի ակտիվ լինել: Ես չգիտեմ, իրենք կկարողանա՞ն սրբագրել 2008թ. իրենց սխալները, թե՞ ոչ, որովհետև 2008թ. ԱՄՆ-ը հակահայկական քաղաքականություն վարեց»:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը մաս է կազմում Հայ ազգային կոնգրեսին և շարունակելու է իր պայքարը Կոնգրեսի կազմում. «Որևէ բլոկի` լինի դա արևմտամետ, ռուսամետ կամ եվրոպամետ, ներգրավվելու որևէ խնդիր մենք չունենք»:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հենց այդ երեք կուսակցությունների անունների շրջանառությունը՝ Այվազյանը պատասխանեց. «Ես դրա բացատրությունը չեմ կարող տալ, միայն կարող եմ ասել, որ «Հանրապետություն» կուսակցությունը նստացույցերի ժամանակ եղել է Ազատության հրապարակում, և եթե այդ կուսակցությունները պետք է ծավալեն արմատական ընդդիմադիր գործունեություն, ապա նրանք էլ պետք է լինեին Ազատության հրապարակում` ժողովրդի կողքին»:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի համար ևս անհասկանալի է, թե ինչու են հենց այդ երեք կուսակցությունների անունները շրջանառվում` հավելելով, որ դա, թերևս, կիմանան նրանք, ովքեր նման ինֆորմացիա են տարածում. «Մեր կուսակցությունը կարիք չունի արտաքին միջամտությամբ նման բլոկներ ձևավորելու և երբևէ նման միջամտությամբ չի առաջնորդվել»: Խուրշուդյանը նկատեց, որ «Ժառանգությունը» տարբեր կուսակցությունների հետ շատ նորմալ հարաբերություններ ունի, այդ թվում՝ նաև «Ազատ դեմոկրատների», իսկ «Հանրապետություն» կուսակցության հետ էլ որևէ խնդիր չունի: Ինչ վերաբերում է ընդհանրապես դաշինքների ձևավորմանը և դրանցում «Ժառանգության» մասնակցությանը՝ Խուրշուդյանը նշեց, որ իրենք արդեն հայտարարել են, որ ոչինչ չեն բացառում. «Բայց հիմա դեռ վաղաժամ է խոսել ֆորմատների վերաբերյալ: Դեռ ժամանակ ունենք»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը ևս բացառեց նման բլոկների ձևավորումը: «Որևէ օտար երկիր իրավունք չունի միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Ում մեջ որ նման մտքեր են ծագում, պետք է նախ ուսումնասիրեն Հայաստանի օրենսդրությունը: Մենք ընդհանրապես մերժում ենք օտար ուժերի միջամտությունը Հայաստանի ներքին կյանքին»,- ընդգծեց Արզումանյանը և հավելեց, որ նման մտքերը շատ վտանգավոր են, ինչպես նաև նման եզրահանգումներն են վտանգավոր:
Արզումանյանը վստահեցրեց, որ նման միավորման ստեղծման մասին իրենք առաջին անգամ են լսում, և դա իրական լինել չի կարող, մանավանդ որ` «Հանրապետություն» կուսակցությունը ՀԱԿ անդամ է և երբևէ չի հայտարարել, որ ՀԱԿ-ից դուրս է գալու: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը»` Արզումանյանը նշեց, որ այդ կուսակցության հետ իրենք շատ նորմալ հարաբերություններ ունեն և համագործակցում են տարբեր հարցերի շուրջ:







































