Երեկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է հաղորդագրությունում, որում մասնավորապես ասված է.
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին` ժամը 13:00–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա դատական նիստ: Ըստ հայցի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում է բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, մերժել է ՀՔԱՎ-ի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վաղինակ Մարտիրոսյանի՝ 2011թ. մայիսի 3-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:
2011թ. փետրվարի 15-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձոր-Երևան ճանապարհի Վանաձորի մուտքի մոտ՝ մինչև Վանաձոր-Ստեփանավան խաչմերուկի մոտ 1 կմ հատվածում, ճանապարհը ոստիկանների կողմից փակվել, և մոտ 1 ժամ ամբողջ երթևեկությունը դադարեցված է եղել:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի նախկին հրամանատար Մերուժան Կարապետյանը և ոստիկանության մի շարք աշխատակիցներ խոչընդոտել են վրացական պետհամարանիշներով մեքենաների տերերի՝ գյումրեցի ու վանաձորցի վարորդների մուտքը քաղաք Վանաձորում՝ նրանց զրկելով ազատ տեղաշարժի ու խաղաղ հավաքներին, ցույցերին, երթերին մասնակցելու սահմանադրական իրավունքից:
Նախաքննության մարմինը նյութերի նախապատրաստման փուլում օբյեկտիվորեն չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրել է միայն ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները:
Քրեական գործ չհարուցելու որոշմամբ քննչական մարմինը պաշտպանության տակ է վերցրել խախտում կատարողներին՝ ողջ խնդիրը տեղափոխելով ավտոգրեյդերի շարժիչի կցորդի անջատիչի եղանիկի մատիկի անսարքության վրա: Մինչդեռ ձայնագրություններ կան, որոնցում պարզ լսվում է շարժիչի աշխատանքի ձայնը:
Դատարանը ոստիկանության աշխատակիցների գործողություններն իրավաչափ է որակել՝ նշելով, որ դրանք ուղղված են եղել քաղաքացիների անվտանգությունը և անխափան երթևեկության ապահովմանը:









































