Այսօր առավոտյան ՆԱՏՕ-ի ուժերը սկսել են հանել սերբերի կողմից Կոսովոյի հյուսիսում կառուցած բարիկադները: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, սերբերին ցրելու համար զինվորներն օգտագործել են արցունքաբեր գազ:
Ականատեսները գործակալությանը պատմել են, որ ամբողջությամբ զինված գերմանական և ավստրիական զորքերը շարժվում են անցակետի ուղղությամբ, որտեղ տեղադրված են բարիկադները:
Կոսովոյի և Սերբիայի սահմանին իրադրությունը սրվել է սեպտեմբերի կեսերից, երբ Կոսովոյի ալբանացիները միակողմանի կերպով իրենց մաքսակետերը և ոստիկանական կետերը տեղադրեցին «Յարինե» և «Բռնյակ» հսկիչ-անցակետերում:
Հուլիսի վերջից Կոսովոյի իշխանությունները ոստիկանության հատուկ ստորաբաժանումների օգնությամբ փորձում են վերցնել երկու անցակետերը, ինչի հետևանքով պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանության և տեղի սերբերի միջև:
Կիրակի ՆԱՏՕ-ն սպառնացել էր հանել բարիկադները, եթե սերբերը դա ինքնուրույն չանեն:









































