Այսօր Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ «Արտերիա» առաջին մշակութային քննադատական կայքի շնորհանդեսը: Ներկա հյուրերին ողջունեց և կայքի ստեղծման պատմությունը ներկայացրեց կայքի հիմնադիր Մկրտիչ Մաթևոսյանը՝ տեղեկացնելով, որ մինչ կայք ստեղծելը ամսագիր հիմնադրելու ցանկություն կար, սակայն աջակից՝ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրենի խորհրդով ստեղծվեց կայք, որի համար շատ ուրախ է, քանի որ այն ավելի մնայուն է: «Կայքը ստեղծվել է Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի աջակցությամբ»,- ասաց Մ. Մաթևոսյանը:
Տեղեկացնենք, որ կայքը բաղկացած է չորս բաժնից` «ակտուալա», «ռևիզոր», «և» և «բադաբադա՞», որոնք խմբագրում են չորս խմբագիր` Մկրտիչ Մաթևոսյանը, Վարդան Ազատյանը, Սիրանուշ Դվոյանը և Լևոն Գյուլխասյանը: «Արտերիա»-ն ունի նաև հետադարձ կապի հնարավորություն, որի միջոցով հետաքրքիր մշակութային գաղափարներ ունեցող անհատները կարող են կապ հաստատել խմբագիրների հետ և նպատակահարմարության դեպքում իրենց աշխատությունը տեղադրել կայքում:
Շնորհանդեսին ներկա էր նաև ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որը շնորհավորեց կայքի ծնունդը և հույս հայտնեց, որ մշակութային քննադատական կայքը մի նոր կարևոր, անհրաժեշտ ոլորտ կստեղծի: Շնորհանդեսի ավարտին կայքի բոլոր բաժինները ներկայացվեցին փոքրիկ տեսաշարի միջոցով: Նշենք նաև, որ կայքը դեռ նոր է, բայց արդեն ունեցել է բազմաթիվ այցելուներ, ինչը կայքի հետագա հաջողված ճակատագրի գրավականն է:









































