Թուրքական Radikal թերթն անդրադարձել է երկրի հարավարևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում գիշերը գրանցված թուրք-քրդական բախմանը, որի ժամանակ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները սպանել են 26 և վիրավորել 22 զինծառայողի։
Սա վերջին 20 տարում թուրքական բանակին PKK-ի հասցրած 4-րդ խոշոր կորուստն էր։ Ամենամեծ հարվածը հասցվել է 1993 թվականի մայիսի 24-ին, երբ Բինգյոլում սպանվել է 33 զինծառայող։ Երկրորդ խոշոր հարվածը գրանցվել է 1992 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում սպանվել է 28 զինծառայող։ PKK-ն իր երրորդ խոշոր հարվածը հասցրել է 1992 թվականի մայիսի 15-ին Շըրնաքի նահանգի Ուլուդերե շրջանում՝ 27 զինծառայող։
Ստորև ներկայացվում է վերջին 20 տարիներին թուրքական բանակին PKK-ի հասցրած մնացյալ հուժկու հարվածները.
25.10.1991 – Հաքքարի, Չուքուրջա, 17 զոհ,
26.05.1992 – Հաքքարի, Չուքուրջա 15 զոհ,
30.08.1992 – Հաքքարի, Շեմդինլի – 20 զոհ,
13.09.1992 – Հաքքարի, Շեմդինլի – 25 զոհ,
02.07.1993 – Շըրնաք – 16 զոհ,
23.08.1993 – Իգդիր – 14 զոհ,
09.03.1995 – Թունջելի, Օվաջըք – 18 զոհ, 10 վիրավոր,
15.06.1995 – Հաքքարի, Շեմդինլի – 15 զոհ,
07.10.2007 – Շըրնաք – 13 զոհ, 3 վիրավոր,
21.10.2007 – Հաքքարի, Յուքսեքօվա – 12 զոհ, 16 վիրավոր,
19.10.2010 – Հաքքարի, Շեմդինլի – 11 զոհ,
14.07.2011 – Դիարբեքիր, Սիլվան – 13 զոհ, 7 վիրավոր,
17.08.2011 – Հաքքարի, Չուքուրջա, 12 զոհ, 14 վիրավոր։
Հիշեցնենք, որ թեև PKK-ն հիմնադրվել է 1978 թվականին (հիմնադիր՝ Աբդուլլահ Օջալան), Թուրքիայում նրա ակտիվ զինված պայքարը սկսվել է 1984 թվականին։ Ցայժմ այդ պայքարի արդյունքում երկու կողմից զոհվել է 40-45 հազար մարդ։
Ի դեպ, այս տարվա օգոստոսին Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտնեց, որ 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար։ Սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են՝ 700 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ՝ PKK-ի դեմ 27-ամյա պայքարը Թուրքիային արժեցել է 1 տրիլիոն դոլար։









































