Եվրամիությունը հետաձգել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցը Բրյուսել: Ինչպես հաղորդում է Agence France-Presse -ը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, այցը հետաձգվել է մինչև «այն պահը, երբ երկխոսության համար առավել բարենպաստ պայմանները կստեղծվեն»:
Մինչ այդ Յանուկովիչը սպառնացել էր «ավելի հեռու թռչել», եթե Բրյուսել նախատեսվող իր այցի համար խոչընդոտ հանդիսանա երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ դատավճիռը: Ուկրաինայի նախագահը նշել է, որ արևմտյան քաղաքական գործիչները կարծես չեն էլ ցանկանում լսել իր այն հայտարարությւոնները, որ Արևմուտքն իրավունք չունի միջամտել Ուկրաինայի ներքին գործերին և ազդել նրա դատարանների որոշումների վրա:
Յանուկովիչի այցը Բրյուսել նախատեսվում էր հոկտեմբերի 20-ին, որտեղ նա պետք է հանդիպեր Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռապեյի հետ:







































