«Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի հավասարակշռված մոտեցումները, սակայն միաժամանակ փաստում է, որ հիմնախնդրի լուծման բանակցություններն ընթանում են իր համար լիովին ընդունելի` ԵԱՀԿ ձևաչափով»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման շուրջ իրանական կողմի հնչեցրած պատրաստակամության փաստին:
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հոկտեմբերի 13-ին Կազանում հայտարարել էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանը պատրաստ է ղարաբաղյան վեճի լուծում առաջարկել: Նա նշել էր, որ Իրանը հանդես է գալիս այդ հարցով բանակցությունների և խորհրդատվությունների շարունակման օգտին և պատրաստ է օգնել լուծել Երևանի ու Բաքվի միջև տարածքային վեճը:
Մեհմանփարասթը նաև ընդգծել էր, որ Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար կարող են նշանակալի դեր ունենալ:








































