«2011 թվականն առանձնահատուկ նշանակություն ունեցավ ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ-ֆրանսիական հարաբերությունների համար»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նրա խոսքով` Հայաստանը վաղուց զբաղեցրել է իր տեղը միջազգային ասպարեզում, բավականին նշանակալի գործընթաց է հանձնառել ԵՄ-ի հետ: «Անկախության 20-ամյակն ինքավստահություն ներշնչող և ուրախացնող իրադարձություն է: Իհարկե, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները բազմաթիվ են` տնտեսական և այլ բնույթի, բայց ես կարծում եմ, որ վերջին տարիների նվաճումները խոստումնալից են Հայաստանի ապագայի համար»,- նկատեց դեսպանը:
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայաստան կատարած այցին` նա նկատեց, որ այն սպասված էր: «Այդ այցը նախորդեց Հայաստանի նախագահի` Ֆրանսիա կատարած այցին: Նիկոլ Սարկոզին առիթ ունեցավ շնորհավորելու Հայաստանի անկախության 20-ամյակը և վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի հետագա զարգացման գործընթացին:
Հայոց ցեղասպանության առումով Ֆրանսիայի նախագահը ևս բավական ընդգծված ուղերձ հնչեցեցրեց` Թուրքիային կոչ անելով առերեսվել իր պատմության հետ և ճանաչել Ցեղասպանությունը: Նա նաև ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ արեց կարգավորել այդ հարցը: Պետական այցը հիանալի առիթ էր` արտահայտելու հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները»,- ասաց դեսպանը:









































