«Արևորդի» բնապահպանական փառատոնի շրջանակում այսօր մեկնարկեց «Հարավային Կովկասում քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի դերը վայրի բնության պահպանման գործում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովը որպես հարթակ է ծառայում կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև գիտական համայնքի անդամների համար: Եռօրյա համաժողովի շրջանակում մասնակիցները պետք է քննարկեն Կովկասյան վայրի տեսակների պաշտպանությանը վերաբերող ռազմավարական հարցեր:
Տարբեր աշխատասենյակներում դասախոսություններ կարդացին World Land Trust-ի Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանների պահպանության ղեկավար Մարի Թիբեթը, ռեժիսոր Պատրիկ Ռուսելը, որի «Կանաչ» ֆիլմով երեկ բացվեց «Արևորդի» փառատոնը: Վերջինս մասնավորապես խոսեց այն մասին, թե ինչպես պետք է լրատվամիջոցների հետ աշխատել վայրի բնությունը պահպանելու նպատակով:
Կազմակերպիչների խոսքով` համաժողովի շրջանակում նախատեսված է անցկացնել երկու ֆորումներ` «Ծանոթացիր ՀԿ-ներին» ու «Ծանոթացիր դոնորներին և միջազգային կազմակերպություններին» խորագրերով, կազմակերպել մրցույթներ, որոնց նպատակը, համաձայն կազմակերպիչների խոսքի, վայրի բնության պաշտպանության հարցում նորարարական լուծումներ առաջարկող ծրագրերն ու առաջարկները խրախուսելն է: Մրցույթներից մեկը նախատեսված է ՀԿ-ների մասնակիցների, մյուսը`ավարտական կուրսերի ուսանողների համար: Հաղթողը կստանա մեկ միլիոն դրամ:
Համաժողովի շրջանակում նախատեսված են նաև Ջոն Բարթոնի (Մեծ Բրիտանիա), Ժոզո Քոքի (Նիդեռլանդներ), Գարեթ Գոլդրոփի (Մեծ Բրիտանիա) ելույթները:
Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ-ի, Wօrld Land Trast-ի աջակցությամբ: Համաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 17-ը:
«Արևորդի» բնապահպանական փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2007 թվականին:









































