Եթե, ասենք, Պետրոս Ղազարյանը որևէ մեկին հրավիրում է որպես հաղորդման հյուր, և վերջինս էլ ինչ-որ մեկի հասցեին վիրավորական կամ զրպարտչական հրապարակային հայտարարություն է անում, ո՞ւմ պետք է պատժեն` հեռուստաընկերությա՞նը, որը ներկայացնում է Պետրոս Ղազարյանը, թե՞ հայտարարություն անողին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի օրինակ բերեց լրատվամիջոցներից մեկի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Կարեն Մեջլումյանը` նշելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որով այսօր մասայաբար դատի են տալիս զանգվածային լրատվամիջոցներին` զրպարտության և վիրավորանքի համար, հակասահմանադրական, միմյանց հակասող, ոչ հստակ դրույթներ է պարունակում: Դրանց պարագայում էլ դատարանները նմանատիպ գործերը հիմնականում լուծում են ի վնաս ԶԼՄ-ների: Կամ` եթե մեկը մյուսին կանչում է մի կողմ և ասում` «ես քո հայրը, քո մայրը», այսինքն` այդ վիրավորանքը հրապարակային բնույթ չի կրում, հայհոյողին պե՞տք է պատասխանատվության ենթարկեն, թե՞ ոչ:
Օրինակ` «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի և Ռուբեն Հայրապետյանի դեպքը, երբ վերջինս հեռախոսով վիրավորական արտահայտություններ էր արել իրեն զանգահարած լրագրողի հասցեին: Այստեղ հարց է ծագում` եթե մարդու արժանապատվությունը հայրենի Սահմանադրությամբ ամրագրված անքակտելի, բարձրագույն արժեք և իրավունք է, այդ արժանապատվությունը վիրավորողը (թեկուզ ոչ հրապարակային), Սահմանադրությունը խախտողը պետք է չպատժվի՞: Կ.Մեջլումյանի դիտարկմամբ` այս դրույթն էլ հստակեցնելու կարիք կա, քանի որ մինչ «Վիրավորանքի և զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացումը քրեական պատասխանատվություն էր նախատեսված վիրավորելու համար, սակայն նոր օրենքով մարդու արժանապատվությունը պաշտպանելու մեխանիզմը չկա: Ուստի, այդ և մի շարք այլ իմաստներով փաստաբանը տեղին համարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` 1087.1 հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությունը, թեև դեռ չէր հասցրել ծանոթանալ դիմումի բովանդակությանը, թե կոնկրետ որ դրույթներն է ՄԻՊ-ը վիճարկելու:
Տեղեկացնենք, որ ՄԻՊ Կ.Անդրեասյանը երեկ` հոկտեմբերի 13-ին, դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան ՀՀ քաղօրի 1087.1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Որպեսզի հասկանալի լինի խնդրո առարկա հոդվածի վիճարկման իմաստը, նշենք Սահմանադրության վերոնշյալ հոդվածների բովանդակությունը: «Հոդված 14. Մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից»: «Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է…»: «Հոդված 43. Մարդու և քաղաքացու` Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»:
Սակայն ձևավորված պրակտիկայում այնպես է ստացվում, որ ԶԼՄ-ը սահմանադրական իր իրավունքից օգտվելիս անընդհատ «խախտում է» Սահմանադրության մյուս դրույթները: Կ.Մեջլումյանը, շարունակելով միտքը, նշեց. «Հոդվածը` վիրավորանքի և զրպարտության հետ կապված, այնտեղ որոշակիության խնդիր կա: Այսինքն, մի տեղ ասվում է` եթե աղբյուրը հայտնի է, ապա լրատվամիջոցը այդ աղբյուրին հղում կատարելով կամ թեկուզ դատարանում դա բացահայտելով պատասխանատվություն չի կրում: Մեկ այլ տեղ խոսք է գնում այն մասին, որ պատասխանատվություն է կրում: Հոդվածի այդ երկու մասերը ինքնահակասական են… իսկ դատարաններն էլ ամեն դեպքում պատասխանատվության են ենթարկում լրատվամիջոցին»: Զրուցակիցս հիշատակեց «Առավոտի» դեպքը, երբ լրատվամիջոցը պատասխանատվության է ենթարկվում ուրիշի խոսքը մեջբերելու համար: Լավ, ո՞րն է անձի արժանապատվությունը հարգելու և լրատվամիջոցի լրատվություն, կարծիք տարածելու իրավունքների միջև ընկած սահմանը և մեխանիզմը: «Այդ սահմանագիծը ինչ-որ տեղ Եվրոպական դատարանը տվել է, բայց մենք որոշակիացնելու խնդիր ունենք: Ինչո՞ւմն է բանը:
Կա մարդ, որը հանրային կյանքով է ապրում, հանրային հետաքրքրություն է ներկայացնում, նրանց համար այլ չափանիշներ են գործում. նրանք խոշորացույցի ներքո են չորրորդ իշխանության կողմից և հանրային հետաքրքրություն են ներկայացնում, ոմանք` ոչ: Ամեն դեպքում, եթե որևէ նյութ է տպվում կամ որևէ բան է ասվում, պետք է նպատակը նայվի. նպատակը ո՞րն է` վիրավորե՞լն է, զրպարտե՞լն է, թե՞ եղելության (որը փաստաթղթային հիմք չունի.- Է.Մ.), խնդրի մասին խոսելը: Եթե ասում են` այսինչ մարդը կաշառակեր է կամ որևէ պաշտոնատար անձ օբյեկտներ, ռեստորաններ ունի, արդյո՞ք դա կաշառակերության, կոռուպցիայի միջոցով չի արվել: Խնդիր է վեր հանվում: Արդյո՞ք սա կարող է զրպարտություն լինել: Բերում է թուղթ, օրինակ, որ սա, սա, սա իմ անունով չի, բարեկամի անունով է:
Բայց իրականում նա է տերը, և ասում է` զրպարտեց ինձ»,- պարզաբանեց փաստաբանը: Այդ խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում, քանի որ հենց այդ մեխանիզմով էլ դատարաններում շահում են հանրային գործիչները, որովհետև նրանց բիզնես-գործունեությունը սովորաբար փաստաթղթավորված չէ, ստվերային բնույթ է կրում: «Եթե այդպես գնա, մենք որևէ թեմա չենք կարող արծարծել: Մենք չենք կարող կոռուպցիայի մասին խոսել, մենք կարող ենք ընդամենը ընդհանրական խոսել` կա կոռուպցիա: Այսինքն` քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, չենք կարող հարցը բարձրացնել, չէինք կարող Սերոբ Տեր-Պողոսյանի հարցը բարձրացնել, որովհետև մեծ ռիսկ է, Ձեր թերթի հետ էլ նույն մեծ ռիսկն է: Ցանկացած դեպքում կարող են ասել` զրպարտում եք, եթե 100 տոկոս փաստաթղթային հիմնավորումներ չունեցաք: 1 տոկոսն էլ պակաս եղավ` կասեն զրպարտություն է: Եթե դա հանրային հետաքրքրություն է ներկայացնում, այդ իրավունքը պետք է ունենաք: Մեր օրենքը այդ մասով բաց է»,- նշեց պարոն Մեջլումյանը և ասաց, որ այդ ամենը մեսիջ էր ՄԻՊ-ին, ով հասկացավ, թե ուր է տանում օրենքի այդ տրամաբանությունը, ուստի այն ՍԴ միջոցով հստակեցնելու հարց կա: Եթե դիմում ներկայացնելու կարգը պահպանված լինի` ՍԴ-ն պետք է ընդունի դիմումը, իսկ եթե հանկարծ չընդունի, հարցը լուծելու ի՞նչ տարբերակներ է տեսնում փաստաբանը:
«Օրինակ` ես «Առավոտի» շահերն եմ ներկայացնում և դատարանում միջնորդել եմ, որ դատարանը դիմի Սահմանադրական դատարան: Դատարանն այդ միջնորդությունը չի քննարկել, քանի որ կոնկրետ մեր դեպքում հաշտության պայմանավորվածություններ էին գնում, բայց մնացած թերթերի փաստաբաններին էլ կառաջարկեմ, որպեսզի այդ միջնորդություններն անեն… Եթե Սահմանադրական դատարանը վարույթ ընդունի դիմումը, կառաջարկեմ փաստաբաններին, հատկապես ասենք` «Հայկական ժամանակի» և այլ,- որովհետև բանը բանից անցել է` մեկ ատյան է մնացել,- դիմեն` դատարանը կասեցնի գործի վարույթը, մինչև տեսնեն, թե ՍԴ-ն ինչ որոշում է ընդունում: Դա էլ ինչ-որ հնարավորություն է»,- հուշեց լրատվամիջոցի շահերը ներկայացնող փաստաբանը: Ի դեպ, «Ժամանակ»-ի 3 դատական գործերով էլ դատարաններն արդեն մերժել են օրաթերթի ներկայացուցչի` վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունները: Կ.Մեջլումյանը նաև հավելեց, որ ինքը ավելի վաղ դիմել էր ՄԻՊ-ին` խնդրահարույց հոդվածը ՍԴ-ում վիճարկելու հարցով:
Խնդրին առնչվող մյուս փաստաբանները ևս ծանոթ չէին ՄԻՊ-ի դիմումի բովանդակությանը և ձեռնպահ մնացին մեկնաբանելուց, բայց ասացին, որ հոդվածը ՍԴ-ում վիճարկելու հարց հաստատ կա:
«Ժամանակ»









































