Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պահեստային սպաների միավորման նախագահ Յաշար Ջաֆարլին երեկ մամլո ասուլիս է տվել՝ նվիրված ադրբեջանական բանակի խնդիրներին։
Նա ընդգծել է. «Այս տարի ադրբեջանական բանակի մարդկային կորուստների քանակը գերազանցել է 80-ը, ինչը տխուր ռեկորդ է՝ համեմատած 1994 թվականի զինադադարին հաջորդած բոլոր տարիների հետ։ Մինչ այս ամենամեծ կորուստները գրանցվել էին 2003 թվականին՝ 75 զոհ։
Բացի այդ, բանակում առկա են լուրջ խնդիրներ՝ կապված մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կառավարական որոշումների ի կատար ածման հետ և այլն։ Այս խնդիրներն առաջացել են ղեկավարման ոլորտում առկա թերությունների հետևանքով և կապված են պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի միջև առկա տարաձայնությունների հետ։
Հենց այդ պատճառով էլ առաջացել է բարդ իրավիճակ, երբ բանակում մի հրամանատարը հրաման է արձակում՝ ելնելով ՆԱՏՕ-ի չափորոշիչներից, իսկ մյուսը՝ ելնելով նախկին խորհրդային բանակի համակարգից։
Արդեն 19 տարի է, ինչ Սադիգովը ղեկավարում է գլխավոր շտաբը, իսկ Աբիևը 17 տարի շարունակ զբաղեցնում է պաշտպանության նախարարի պոստը։ Բանակային պաշտոններում այդպիսի «երկարակյացություն» գոյություն չունի ոչ մի տեղ. ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ում, այլև համայն աշխարհում։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը երկու գեներալների հրաժարականն է»։
Ջաֆարլին նաև հայտարարել է, որ մտադիր է Սադիգովի ու Աբիևի հրաժարականի կոչով դիմել գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին։ Նրա խոսքերով՝ իր այդ կոչի տակ իրենց ստորագրությունը կդնեն պահեստային սպաներն ու հասարակության ներկայացուցիչները։









































