Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Մանիլայում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում:
Ջայշանկարն X-ում գրել է, որ Լավրովի հետ հանգամանորեն քննարկել են երկկողմ հարաբերությունները։
Հնդկաստանի ԱԳ նախարարը նաև մտահոգություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին հնդիկ նավաստիների անվտանգության առնչությամբ։
«Վերահաստատեցինք մեր խորը մտահոգությունը տարածաշրջանում հնդիկ նավաստիների անվտանգության վերաբերյալ։ Քննարկեցինք մեր գործընկերության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ առևտուրը և ներդրումները, էներգետիկան և կապը, գիտությունը և տեխնոլոգիաները, ինչպես նաև շարժունակությունը։ Նաև մտքեր փոխանակեցինք Ուկրաինայի հակամարտության և Պարսից ծոցի իրավիճակի վերաբերյալ», – նշել է Ջայշանկարը:










































