Իրանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 9-ին հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ԱՄՆ-ի կողմից երկրի տարածքին հասցված հարվածները ու դրանք որակելով որպես «կոպիտ ռազմական հանցագործություն»։
ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է, որ ամերիկյան կողմից թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ երկաթուղային կամուրջներ։
Նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ «ամենախիստ ձևով դատապարտում է ԱՄՆ-ի ահաբեկչական բանակի ագրեսիվ հարձակումները հարավային ափամերձ նահանգների մի շարք կետերի, ինչպես նաև արևելյան նահանգներում՝ սուրբ Մաշհադ քաղաք տանող երկաթուղային երթուղու երկու կամուրջների վրա»։
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ վարչակազմին անվանել է «չար և հոգեկան խանգարում ունեցող»։
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կրկին ընդգծել են «քաջարի իրանցի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու» իրենց երկրի «տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը»:
Հուլիսի 8-ին ԱՄՆ կողմից իրականացված հարձակման հետևանքով երկրի 5 նահանգներում զոհվել է 14, վիրավորվել՝ 78 մարդ։








































