Գորիսում հայրասպան որդու գործով երեկ մեզ հաջողվեց ճշտել սպանության դրդապատճառների որոշ մանրամասներ:
Մինչ այդ հիշեցնենք, որ նախորդ շաբաթ շտապօգնության կայանից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերեց 52-ամյա Երվանդ Սայունցի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվեցին դանակով հասցված կտրած-ծակած վերքեր: Պարզվեց, որ Երվանդ Սայունցի մահը վրա է հասել նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իր և 20-ամյա որդու միջև ծագած վիճաբանության ու քաշքշուկի ընթացքում` վերջինիս կողմից խոհանոցային դանակով հարվածելու հետևանքով, որից հետո տղան բերման ենթարկվեց բաժին:
Գորիսի քննչական բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանի և հարևանների փոխանցմամբ` դանակահարման պատճառը տղայի հոր հարբեցողությունն է եղել: Պարբերաբար հարբած հայրն անընդհատ վիրավորանքների և ծեծի է ենթարկել թե՛ որդուն, թե՛ կնոջը: Հարբելու համար անընդհատ գումար է պահանջել: Հայրասպանը խոստովանել է, որ մտադրված չի եղել հորը սպանել պարզապես ցանկացել է նրան վախեցնել, բայց կենցաղային վեճի և վախ պատճառելու արդյունքում բանը հասել է դանակահարությանը: Հարևանների վկայությամբ` որդին նորմալ, աշխատող տղա է, սակայն հոր հարբեցողության պատճառով ընտանիքից պարբերաբար վեճի ձայներ են լսվել: Մեր հարցին, թե հոր հարբեցողության հանգամանքը կարող է մեղմացուցիչ հանգամանք հանդիսանալ` պարոն Բեգլարյանը պատասխանեց` ոչ, անկախ բոլոր հանգամանքներից` նա հորը սպանելու համար պետք է պատասխան տա օրենքի առաջ:
Գուրգեն Բեգլարյանից երեկ փորձեցինք պարզել, թե կենցաղային ի՞նչ խոսակցության շուրջ է կոնկրետ վիճաբանություն սկսվել. «Ընդհանուր վիճաբանություն է եղել, և ամեն ինչ խառնվել է իրար: Հայրը տղայից հեռախոս է ուզել, բայց տղայի հեռախոսը լիցքավորված չի եղել, հետևաբար տղան չի տվել: Արդյունքում հայրն ափերից դուրս է եկել, կռիվ է սկսել, որի արդյունքում տղան դանակահարել է հորը և սպանել: Նա կալանավորվել է և առայժմ քննություն է կատարվում: Իր մեղքն ընդունել է: Իսկ նոր ցուցմունքների համաձայն` ամեն օր նույն պատմությունն է եղել. հայրը հարբած եկել է տուն, տղային է ծեծել, մորն է ծեծել: Այդ վիրավորանքները հասունացած են եղել, բայց այդ օրը տղան հորը սպանելու մտադրություն չի ունեցել, ամեն ինչ պատահաբար է ստացվել»:
Գուրգեն Բեգլարյանից հետաքրքրվեցինք նաև, թե տղային քանի տարվա ազատազրկում կսպառնա, ինչին ի պատասխան նշեց, որ չի կարող ասել, քանի որ դա արդեն նախաքննությունից հետո դատարանը կորոշի: Իսկ ներկա պահին տղան ձերբակալվել է և քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է գտնվել: Ընտանիքից աշխատել է միայն տղան, ով վաստակել է ավտոլվացման կայանում` աշխատելով որպես մեքենա լվացող:











































