Մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հաջիզադեն հանդես է եկել Ռուսաստանի պետական հեռուստատեսության խմբագրական քաղաքականությունը քննադատող հայտարարությամբ։ Պատճառը մի հաղորդման ընթացքում Հարավային Կովկասի քարտեզի ցուցադրումն է, որտեղ Ադրբեջանի տարածքում նախկին ԼՂԻՄ-ը առանձնացված է։
Պաշտոնական Բաքուն համարել է, որ դա «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն» է և պահանջել «այսուհետև նման խեղաթյուրումներ թույլ չտալ»։ Հասկանալի է, թե Ռուսաստանի պետական հեռուստատեսոությունը ինչու է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի փուլում հիշել, որ ԼՂ-ն խորհրդային շրջանում ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել։
Ուշագրավ է, որ Սոլովյովի հաղորդմանը գրեթե համաժամանկյա՝ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և կոչ արել Հայաստանում «փոփոխություններ իրականացնել», որից հետո յուրաքանչյուր «քաղաքացի պետք է զենք վերցնի և Արցախը ազատագրի»։
Սոցիալական մեդիայում Արտակ Բեգլարյանի կոչը կանխատեսելիորեն բուռն հակազդեցություն է հարուցել։ Հարյուրավոր օգտատերեր նրան մեղադրել են «պատերազմ հրահրելու և հայաստանցի երիտասարդներին նորից մահվան տանելու մտադրության» մեջ։ Արտակ Բեգլարյանը շարունակում է զբաղվել քարոզչա-տեղակատվական գործունեությամբ և չէր կարող համոզված չլինել, թե իր գրառումը Հայաստանի հանրային միջավայրում ինչ արձագանք է ունենալու։
Ընդդիմության և նրա հետ աֆիլացված քարոզչամիջոցները, փորձագիտական որոշակի շրջանակներ նարատիվ են շրջանառել, որ «հաղթելու ոչ մի շանս չունեցող Նիկոլ Փաշինյանը որոշել է ընտրությունները փոխակերպել հայաստանցի-ղարաբաղցի հակադրության և այդ հիման վրա հայաստանյան կոնսոլիդացիայի հասնել»։
Քարոզարշավի դիտարկումը առայժմ չի արձանագրել որեւէ դեպք, երբ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները իշխանության աջակիցների կամ թեկուզ մեկ անձի կողմից խոչընդոտվի կամ նրան ուղղվի «տհաճ» հարց։ Փոխարենը արդեն կարելի է տասնյակ դեպքեր վկայակոչել, երբ Արցախից բռնատեղահանված կանայք «ճիշտ տեղում և ժամանակին» միջամտում են Փաշինյանի և համակիրների հանդիպմանը և լարվածություն ստեղծում։
Նիկոլ Փաշինյանին, ինչ խոսք, կարելի է, գուցե պետք է նաև ոչ ցանկալի հարցեր ուղղել, բայց երբ Արցախից բռնագաղթած կինը նրան ասում է «ուզում եմ իմանամ, էլ ի՞նչ տարածքներ ես հանձնելու, որ էնտեղ չբնակվեմ»,- ընդ որում հարցնում է ոչ թե Գեղարքունիքում կամ Սյունիքում, այլ՝ Երևանի կենտրոնում, նրա «ելույթը» այլ բան, քան բացահայտ սադրանք, դժվար է գնահատել։
Ընտրապայքարում անձնական թիրախավորման կարմիր գիծը հատել է Ռոբերտ Քոչարյանը, երբ Նիկոլ Փաշինյանին անվանել է «համբալ»։ Պատասխանը, բնականաբար, չի ուշացել։ Երկրորդ նախագահը չէ՞ր չկանխատեսել, որ գնում է ներքաղաքական սրացման։ Ի՞նչ նպատակ է դա հետապնդում, առայժմ հստակ չէ, բայց միտումը վկայում է, որ Հայաստանում քաղաքական-քաղաքակրթական ընտրության ելքը կանխելու այլ «գործիքակազմ», քան, այսպես ասած «ղարաբաղյան գործոնն» է, ընդդիմությունը չունի։








































