Սեպտեմբերի 21-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածի, Ակսել Բակունցի 2-րդ հատվածի 15 շենքի առաջին մուտքի մոտ, ժամը 22:30-ի սահմաններում, կյանքից զրկված 24-ամյա Դավիթ Օհանյանի գործում նոր մեղադրյալներ են ներգրավվել:Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը:
Մինչ այդ հիշեցնենք, որ Դավիթ Օհանյանին դանակահարողը Վարաժ Մանուկյանն է, ով քիգբռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն է: Ինչպես տեղեկացրել ենք, հարևանների շրջանում անցկացրած մեր հարցախույզով պարզել ենք, որ ամենահավանական վարկածներից մեկի համաձայն` Դավիթը և Հակոբը, ով դանակահարությունից հետո երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, «ռեպլիկ» են թույլ տվել մի աղջկա հասցեին, ով դանակահարողի ծանոթներից է: Այս մասին լուրն իմանալուն պես նա տղաներին պարզաբանման է կանչել:
Նրանք ներողություն են խնդրել, բայց նրանց պատասխանել են, որ այս հարցը ներողությամբ չի փակվի և տղաներին դանակահարել են: Դավիթին վնասել են թիկունքից` սրտի ուղղությամբ, և նա տեղում մահացել է: Իսկ Հակոբը, բարեբախտաբար, ողջ է մնացել: Ի դեպ, Հակոբը տևական ժամանակ հրաժարվում էր խոսել նույնիսկ ոստիկանության աշխատակիցների հետ: Իսկ հարևանների կողմից Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին ուղղված նամակում ասվում էր, որ կռիվ սարքողն ու անմիջական մասնակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտնի ավագանի Արտակ Ավետիսյանի որդի Նարեկն ու իր ոհմակն են, իսկ դեպքի հետ կապված մանրամասները կոծկելու հարցում ակտիվորեն զբաղվում են Նոր Նորքի ոստիկանության պետի տեղակալ Բաղյանը, Նոր Նորքի թաղապետ Մելիք Գասպարյանը, թաղապետի եղբայրը՝ ոստիկանության 7-րդ վարչության աշխատակից Արտակ Գասպարյանը (ով մարդասպանի քավորն է), ովքեր նաև «Բարգավաճի» Արտակի մտերիմ ընկերներն են: Բնակիչները գրել էին նաև, որ շուրջ 2 տարի վախի ու կրիմինալի մթնոլորտում են ապրում:
Ինչևէ, Նոր Նորքի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ աղջիկն էլ է ցուցմունք տվել, ինչպես նաև գործում կասկածվող ևս մի քանի նոր անձինք կան` ավելացնելով. «Հետախուզում է հայտարարված 5 մարդու նկատմամբ: Նոր հանգամանքներ են ավելանում, և կասկածյալների թիվը ավելանում է: Սակայն գործի արդյունավետությունից ելնելով` չեմ կարող ցուցմունքները հրապարակել: Հատկապես այն դեպքում, երբ քննությունը ընթանում է: Բոլորն էլ ցուցմունք տվել են, գործը նորմալ ընթանում է, իսկ ովքեր որ փախած են` նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված և հայտնաբերվելու դեպքում կձերբակալվեն: Որոնողական աշխատանքները ամեն րոպե գնում են: Այնպես որ` նոր-նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, և նոր մարդիկ են ընդգրկվում դրա մեջ: Ինչպես գիտեք, գլխավոր մեղադրյալը, որը որ դանակահարել էր, ձերբակալված է:
Բայց պետք է նկատեմ, որ կռիվ հրահրողները երկկողմանի են, նրանց հետ ևս աշխատանքներ են ընթանում: Խուլիգանությունը երկու կողմից է եղել, այնպես որ` երկու կողմից էլ կան մեղադրվող մարդիկ, ովքեր որ հետագայում պետք է ձերբակալվեն»: Մեր այն հարցին, թե մյուս դանակահարվածը ձերբակալվե՞լ է` պատասխանեց. «Այո, նա խոսել է և ցուցմունքներ տվել, բայց ցուցմունքները չեմ կարող մանրամասնել, քանի որ գործը հետաքննության ընթացքում է»: Իսկ այն ճշտմանը, թե չի՞ բացառվում, որ դանակահարվողն էլ պատասխանատվության ենթարկվի` ասաց, որ ոչ թե չի բացառվում, այլ նա մեղադրվում է խուլիգանության մեջ` 258-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հիշեցնենք, որ մյուս դանակահարվածը` Հակոբը, Դավիթի հետ է եղել, հետևաբար հետաքրքրվեցինք, որ եթե Դավիթը չմահանար` նա՞ էլ կմեղադրվեր: «Դավիթի մեղքի մասին ոչինչ չեմ կարող ասել»,- սահմանափակվեց Նոր Նորքի ոստիկանապետը:
«Ժամանակ»











































