Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ հարգելու միջազգային օրենքները և դադարեցնելու քաղաքացիական անձանց, շտապօգնության ու քաղաքացիական պաշտպանության աշխատակիցների, ինչպես նաև մարդասիրական և առողջապահական կազմակերպությունների թիրախավորումը։
Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Աունը տեղեկացրել է, որ Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը Լիբանանում՝ ավերելով տներ և պաշտամունքի վայրեր, ինչի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն օրեցօր աճում է:
«Հարձակումները չեն խնայում շտապօգնության աշխատակիցներին և կամավորներին. մինչ օրս զոհվել է Լիբանանի Կարմիր խաչի և այլ մարդասիրական կազմակերպությունների մոտ 17 աշխատակից», – ասել է նա:
Նախագահը բարձր է գնահատել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի կողմից Լիբանանի Կարմիր խաչի կոմիտեին տրամադրվող համակարգումն ու աջակցությունը։ Նա կոչ է արել օգնել Լիբանանին պարզել իսրայելական բանտերում գտնվող լիբանանցի բանտարկյալների ճակատագիրը, որոնց հետ Իսրայելը շփում թույլ չի տալիս։











































