Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ «ներկա օպերատիվ իրավիճակով պայմանավորված»՝ այս տարվա ավանդական զորահանդեսը կանցկացվի, ինչպես ավելի վաղ թելեգրամյան ալիքներն են որակել՝ «կրճատված սցենարով»։ Մասնավորապես, զոհանդեսին զրահատեխնիկա չի ներգրավվի։ Կարմիր հրապարակում ներկա չեն լինի նաև կադետական կորպուսի, Սուվորովի և Նախիմովի անվան ռազմական ուսումնարանների սաները։
ՌԴ ռազմական գերատեսչությունը տեղեկացրել է, որ փոխարենը կիրականացվեն ուղիղ միացումներ, կցուցադրվի, թե ինչպես են մարտական հերթապահություն իրականցնում ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի և ռազմածովային ուժերի զինծառայողները։ Զորահանդեսի ավարտին, ըստ պաշտոնական ծանուցման, ռազմաօդային ուժերի ինքնաթիռները «երկինքը կներկեն Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի գույներով»։
Ավանդական զորահանդեսի «սցենարը կրճատելու» հիմնավոր պատճառներ Վլադիմիր Պուտինը ունի։ Ուկրաինական ռազմաճակատում արմատական հաջողություններ այդպես էլ չկան։ Գումարվել է Մալիում «Աֆրիկյան կորպուսի» ձախողումը։ Ռեզոնանսային է Տուապսեում ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակը։ Ըստ վերջին տեղեկությունների, քաղաքում սկսվել է բնակչության տարհանում։
Անմխիթար է երկրի տնտեսական կացությունը։ «Նեզավիսիմայա գազետա»-ն, որ Ռուսաստանի գրեթե միակ խիստ գրաքննությունից համեմատաբար ազատ լրատվամիջոցն է, խմբագրական հոդվածում խոստովանել է, որ «պատժամիջոցները միայն խթանում են հայրենական արտադրությունը» պետական քարոզչությունը «այլևս որևէ մեկին վստահություն չի ներշնչում»։
Պարբերականը հատուկ անդրադարձ է կատարել պաշտպանության նախարար Բելոուսովի Հյուսիսային Կորեա այցին, որտեղ նա կորեացի զինվորականներին «Կուրսկի պաշտպանությանը մասնակցելու համար» պարգևատրել է պետական պարգևներով։ Ըստ երևույթին, Բելաուսովին չի հաջողվել ուկրաինական պատերազմին կորեացի զինվորականների մասնակցությունը շարունակելու համաձայնության հասնել։ Կողմերը բավարարվել են միջգերատեսչական համագործակցությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությամբ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է հրապարակել մայիսյան զորահանդեսի օտարերկրյա հյուրերի անվանացանկը, ինչից հետևում է, որ այդ հարցում վերջնական համաձայնություններ չկան։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան հրաժարվել են Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի ինքնաթիռին Մոսկվա թռիչքի օդային միջանցք տրամադրել։ Ռուսաստանյան թելեգրամ-ալիքների տեղեկացվածությամբ՝ «զորահանդեսը կտեւի շուրջ կես ժամ, Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում կգտնվի ընդամենը քառորդ ժամ»։
Արևմտյան մի քանի աղբյուրի տեղեկացվածությամբ՝ Մոսկվան «փակ խողովակներով Կիևի հետ քննարկել է այդ օրը դրոնային հարվածներ չհասցնելու հարցը»։ Ըստ երևույթին, Ուկրաինան նման երաշխիք տվել է։ Այլապես մայիսյան զորահանդեսը կարող էր չեղարկվել։










































