«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Վ. Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Վերջինս ձերբակալվել է»,- նշել է Ավդալյանը։










































