Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին այսօրվա Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային հանդիպման համար հաջողություն մաղթեցին «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանը և Սերգեյ Պողոսյանը:
Տեղեկացնենք, որ այս խաղում հաղթանակով մեր հավաքականը շանս կստանա ստանալու Եվրո 2012-ին մասնակցելու ուղեգիր, ինչն անկախությունից ի վեր անհաղթահարելի է եղել Հայաստանի հավաքականի համար: «Տղաները, հույս ունեմ, այնպես կանեն, որ մենք ևս մեկ անգամ հպարտանանք: Ես մեր հավաքականի խաղում որակ և բովանդակություն եմ տեսնում, թող ևս մեկ անգամ մեկ բռունցքի նման դուրս գան խաղահրապարակ և հաղթեն: Թող Աստծո ձեռքը մեր տղաների վրա լինի»,- մաղթեց Սերգեյ Պողոսյանը:
Մեկնաբանելով ֆուտբոլի ազգային հավաքականի նախորդ` Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը` նա ասաց, որ գեղեցիկ խաղ տեսան, ֆուտբոլիստներն իրենց պրոֆեսիոնալիզմի, ջանքերի շնորհիվ հաղթանակ ձեռք բերեցին` խաղալով արագ, ժամանակակից, միասնական ֆուտբոլ:
«Հույս են տալիս, որ հաղթանակ է լինելու: Մի քիչ հաջողություն, և ամեն բան շատ լավ կլինի: Ամենակարևորը, որ միասնական խաղ են ցուցադրում, որը Վարդան Մինասյանի ձեռքբերումն է, նաև հարձկվողներն են բավական ուժեղ»,- ասաց Ս. Պողոսյանը` հավելելով, որ նրանք մինչև վերջ նվիրվում են խաղին: Պողոսյանի փաստմամբ` ֆուտբոլը հիմնվում է միասնական խաղի վրա, և հնարավոր է, որ տասնմեկ Պելե հրավիրվի, բայց թիմը չհաղթի:
«Մենք երկար էինք գեղեցիկ ֆուտբոլի սպասում: Հիմա ուրախալի է, որ մեր տղաներն այդ ուղղությամբ են աշխատում»,- ամփոփեց իր խոսքը Ս. Պողոսյանը` հուսալով այսօր երեկոյան տոնել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի փայլուն հաղթանակը:






































