Իսպանիայի կառավարությունը պատրաստվում է հանել ֆաշիստական բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մնացորդները Մադրիդի մոտ` Ընկածների հովտում, գտնվող նրա հսկայական դամբարանից: Այս մասին գրում է Periodico de Catalunya թերթը:
Այսպիսի որոշում է կայացրել փորձագետների հանձնաժողովը, որը պետք է որոշի` ինչ անել Ընկածների հովտի հետ:
Հովտում դամբարանների առկայությունը հակասում է 2007 թ. Պատմական հիշողության մասին օրենքին, որը նախատեսում է հանել բոլոր բռնապետերի հուշարձանները:
Ֆրանկոն թաղված է հսկայական դամբարանում, որտեղ, բացի նրանից, ամփոփված է ևս 30 հազար մարդու մարմին:
Հանձնաժողովը պատրաստվում է դամբարանը վերածել «հաշտության թանգարանի», այնտեղից դուրս հանել Ֆրանկոյին և վերահուղարկավորել Մադրիդի Էլ-Պարդո գերեզմանատանը: Նրա ընտանիքը, ամենայն հավանականությամբ, դեմ չի լինի, քանի որ նրան կամփոփեն կնոջ` Կարմեն Պոլոյի կողքին: