«Հայփոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը սկսել է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը:
Այսօր տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ թիվ 0017 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Ինչպես արարողությանը բացման խոսքում ասաց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, այսօր մենք Սարի թաղի թիվ 17 բաժանմունքի վերաբացումով սկսում ենք «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի ավարտական փուլը: «Մինչև տարեվերջ մենք ևս 49 այսպիսի բացում ենք անելու ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում»:
«Արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր, որի հետևանքներն առաջիկայում կզգան «Հայփոստ»-ի բոլոր այցելուներն ու հաճախորդները»,-եզրափակեց պարոն Ավագյանը:
«Հայփոստ»-ից «Առաջին լրատվականին» հայտնում են, որ ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:
Վերաբացման արարողությանը ներկա էին թաղամասի բնակիչներ, այդ թվում` ուսուցիչներ, արվեստի գործիչներ:
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:
Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ:
Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:









































