Թուրքական Gazete5 կայքի փոխանցմամբ՝ Հայաստան այցելած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այնտեղից սպառնալիքներ հղեց Թուրքիային՝ պահանջելով մինչև տարեվերջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Թուրքիայի պատմագիտական ընկերության հայկական հետազոտությունների ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Քեմալ Չիչեքն այս կապակցությամբ թուրքական լրատվամիջոցների միջոցով շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի Ազգային արխիվում պահվող մի փաստաթուղթ, որը թվագրված է 1920 թվականի նոյեմբերի 4-ով։
Այդ նամակն Հայաստանի անկախության համար ամերիկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Արշափ Մաքդեսյանին է ուղարկել իզմիրցի քահանա Մուշեղ Սերոբյանը, որը բողոքել է Ադանայում Ֆրանսիայի իրականացրած հակահայ քաղաքականությունից։ Մաքդեսյանն այդ նամակը կցում է իր զեկույցին և ներկայացնում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին։
Նամակում նշված է, որ Սևրի պայմանագրի կնքումից հետո ֆրանսիական բանակը սկսել է բռնություններ գործադրել Ադանայի հայերի դեմ. «Հայ ազգային կոմիտեի գործունեության կասեցման ուղղությամբ քայլեր են արվում։ Ադանայում թուրք բնակչության մասնաբաժինը մեծացնելու համար վտարվել է 100,000 հայ։ Հայկական ճամբարներում գտնվող 14,000 անձանց նույնպես ստիպում են հեռանալ այստեղից։ Երբ հայերը մերժում են այս պահանջները, զինվորները նրանց սպառնում են զենքով։ Սակայն իրավիճակին միջամտում է Հայ ազգային կոմիտե, որով և կանխվում է հայերի սպանդը ֆրանսիացիների կողմից»։
Մեկնաբանելով այս զեկույցը՝ Չիչեքը նշում է. «Զեկույցում հիշեցվում է, որ հայերը ֆրանսիացիների հետ համատեղ պայքարել են Մուսթաֆա Քեմալի զորքերի դեմ, համագործակցել նրանց հետ Ադանայի գրավման ժամանակ։ Ասում են, թե ֆրանսիացիները եկել էին Կիլիկիայում Հայոց թագավորություն հիմնելու համար։ Սակայն դրա փոխարեն իրենց զենքն ուղղեցին հայերի դեմ՝ հրետանու և հեծելազորի միջոցով հարկադրելով նրանց զենքը վայր դնել և լքել տարածաշրջանը։
Այս 2 էջանոց փաստաթուղթը վկայում է այն մասին, թե ինչպես ֆրանսիացիներն այդ ժամանակ օգտագործեցին հայերին։ Ֆրանսիան պատմության ընթացքում օգտագործել է հայերին Մերձավոր Արևելքում իր շահերն առաջ տանելու համար։ Այժմ իրավիճակը ոչնչով չի տարբերվում։ Սարկոզին շարունակում է օգտվել հայերի սխալից»։











































