Իրանական Jahan News լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են Ահմադինեժադի թիմակիցների հոգևոր հայր համարվող Այաթոլլահ Հադի Ղազանֆարի Խոնսարիին: Կայքի մատուցմամբ՝ Այաթոլլահ Խոնսարին Իրանի դատական իշխանության կողմից դատապարտվել է 10 տարի ազատազրկման:
Jahan News-ը փոխանցել է, որ հիշյալ հոգևորականը առաջնորդական նկրտումներ է ունեցել և կառավարության մեջ ներթափանցած դավադիրների կողմից որպես իրական հոգևոր առաջնորդ էր ներկայացվում հասարակությանն ու երիտասարդներին:
Ըստ շրջանառվող լուրերի՝ նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշային սերտ կապեր է ունեցել Այաթոլլահ Խոնսարիի հետ. վերջինս համարվում էր Ռահիմ Մաշայիի հոգևոր առաջնորդը:
Վերջին շրջանում, երբ բացահայտվեց Իրանի նախագահի և առաջնորդի հակամարտությունը, Այաթոլլահ Խամենեիի հրահանգով Ահմադինեժադի թիմակիցներից տասնյակ պաշտոնյաներ ձերբակալվել ու ազատազրկման են դատապարտվել:











































