ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը համոզված է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մինչև տարեվերջ միջնորդական ջանքեր չի ներդնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցում: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվականի» հետ զրույցում` անդրադառնալով Ռուսաստանի այն հայտարարությանը, թե մինչև տարեվերջ հակամարտող երկրների ղեկավարների հանդիպումներ ՌԴ միջնորդությամբ նախատեսված չեն:
«Իրավիճակը կարգավորման բանակցային գործընթացում այնպիսին է, որ ԵԱՀԿ-ն առաջարկելու նոր բան չունի: Դա երևաց անգամ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարած այցից: Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է պնդել իր լիազորությունները ԼՂՀ-ի վրա և առաջ տանել տարածքային ամբողջականության խնդիրը: Այնպես որ, իրադարձությունների այսպիսի ֆոնին եռակողմ հանդիպումներ առհասարակ չեմ ակնկալում: Ֆրանսիան դժվար թե կարողանա այս գործընթացում առաջին ջութակի դեր ստանձնել»,- նկատեց պատգամավորը:
Վահրամ Աթանեսյանը հույս հայտնեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները նոր թափ և ակտիվություն կստանան հատկապես Ռուսաստանում և Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: «Հիմնական ինտրիգը հենց նախագահների ընտրության հարցն է: Հետաքրքրական է` կշարունակի՞ արդյոք Ռուսաստանի վարչապետ Պուտինը երկրի նախագահ դառնալուց հետո Մեդվեդևի քաղաքականությունը, թե ոչ»,- հռետորական հարց հնչեցրեց Աթանեսյանը:
Ամփոփելով` նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ համանախագահող երկրների քաղաքական կյանքում առկա բարդ հանգույցները տևական ժամանակով կհետաձգեն նրանց միջնորդական ջանքերը բանակցային գործընթացում: «Միջնորդներն ավելի շուտ կկենտրոնանան առկա իրավիճակը պահպանելու վրա»:









































