Երևանում մեկնարկած` «Ինչպիսի՞ն է Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ապագան» խորագրով եռօրյա համաժողովն այսօր ամփոփեց աշխատանքները: Ձևավորված աշխատանքային խմբերի ներկայացրած տվյալները, ուսումնասիրությունները այսօր ի մի են բերվում:
Անդրադառնալով ժողովրդավարության միջազգային խթանման մարտահրավերներին՝
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ ԶԼՄ-ները մարդու իրավունքների պաշպանության նկատմամբ մեծ դեր ունեն, բայց վերահսկողությունը էապես նվազեցնում է իրավապաշտպան ՀԿ-ների արդյունավետությունը, որ մարտահրավերները շատ են:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ զարգացման ծրագրերի առումով, ավելի դյուրին կլինի, որպեսզի ընկերությունները նախ պարզեն, թե այդ երկրներում հասարակությունները ինչ-որ ոլորտի համար կցանկանայի՞ն ներդրումներ տեսնել:
Անդրադառնալով զարգացման ծրագրերի վերաբերյալ պետությունների կողմից թափանցիկության խնդրին՝ նա օրինակ բերեց «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի` գյուղական ճանապարհների կառուցման մասի ֆինանսավորման սառեցման փաստը: «Այժմ իշխանական խոսնակները այդ փաստը փորձում են ներկայացնել այսպես` ամերիկացիները մեզ չեն սիրում…»,- նշեց Լ.Բարսեղյանը` մանրամասն ներկայացնելով ծրագրի ֆինանսավորման կրճատման պատճառները:









































