Պոլսահայերը հաճախ իրենց սփյուռքահայ չեն համարում` ընդգծելով, որ իրենց ապրում են իրենց երկրում: Պոլսահայերն իրենց՝ որպես կազմակերպված համայնքի հիմնադրումը կապում են 1360 թ. Ղալաթիայի եկեղեցու կառուցման հետ: Հանդես գալով զեկույցով` ասաց վերջերս Ստամբուլից վերադարձած լրագող, արևելագետ Արսեն Խառատյանը` տեղեկացնելով, որ այդ ընթացքում իրականացրել է շուրջ 70 հարցազրույց պոլսահայերի տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով` մի խումբ ազգագրագետների կողմից արդեն սկսվել է պոլսահայերի ուսումնասիրությունը:
Բանախոսի զեկույցը բավական ընդգրկուն էր և անդրադառնում էր պոլսահայերի կյանքի ու գործունեության ոլորտներին, նրանց պատմական հիշողություններին, առանձին մարդկանց կյանքի պատմություններին, նրանց հուզող խնդիրներին` սկսած պոլսահայերին պատկանող կալվածքների ուսումնասիրությունից վերջացրած Թուրքիայում բնակվող հայաստանցիների խնդիրներով:
Պոլսի տարածքում հայերը հիմնականում բնակվում են քաղաքի եվրոպական մասում` Գում Գափուում, որտեղ գտնվում է Հայոց պատրիարքարանը, Շիշլիում ու Քուրթուլուշում, Սան Ստեֆանոյում: Նա տեղեկացրեց, որ հայտնի համաձայնագիրը կնքվել է հայի ընտանիքում: Բավական մեծ թվով` շուրջ երկու հազար հայ կա Պոլսի Յոք Քնալը կղզում, որտեղ երբ քայլում ես, անընդհատ հայերեն ես լսում: «Բավական թանկ վայր էր, շփացած հայերի կենտրոն է կղզին»,- նկատեց նա:
Բանախոսի խոսքով` սարսափելի դժվար է եղել խոսել որևէ հոգևորականի հետ, նրանք եղել են անհաղորդ, խուսափել բոլոր հնարավոր կերպերով:
Պոլսում գործում են «Ժամանակ», «Մարմարա» մեկէջանի թերթերը: «Պոլսի հայկական թերթերը ներքին խնդիրների չեն դիպչում, Ցեղասպանություն բառը գրում են չակերտներում: «Ակոսը» ունի հինգ-վեց հազար տպաքանակ, մյուսները հազարական օրինակով են տպագրվում:
Պոլսում ունենք այս պահին 38 եկեղեցի, հայկական 16 դպրոց, 7 գերեզմանատուն, գործում է «Արազ» տպագրատունը: Հայրենակցական միություններ ունեն դերսիմցիները, զազա ալևիները` մահմեդականացած հայերը, կան 15-20 հազար հայաստանցիներ, մեծ մասը կանայք են: «Պոլսահայերը զարմացած էին, որ հայաստանցիները շատ արագ են ինտեգրվել թուրքական հասարակությանը, կան խառն ամուսնություններ Հայաստանից գնացած հայերի ու թուրքերի միջև։ Ամենաստորաքարշ շերտը հայաստանցիներն են համարվում»,- ասաց նա:
Հայաստանցիները շատ վատ են պատկերացնում Դինքի ֆենոմենը: «Ֆենոմենալ տրանսֆորմացիայի հիմք է դարձել Թուրքիայում, ու ոչ միայն հայերի շրջանում, այլև թուրքերի, որոնց կողմից նա ընկալվում է որպես քաղաքացիական հասարակության համար պայքարող անձ»,- ասաց Արսեն Խառատյանը` նշելով, որ հետաքրքիր ֆենոմեն են նաև սասունցիները, որոնց ընկալումը պոլսահայերի կողմից նման է մեզանում ղարաբաղցիների ընկալմանը, թե՝ եկան, գրավեցին, համախմբված են: «Այն պոլսահայը, որը դասական իմաստով ընկալվել է, ներկայում շատ փոխվել է»,- ասաց նա:











































