Լրացել է Իսրայելում 2023թ. հոկտեմբերի 7-ի ողբերգության 800 –րդ օրը: Այդ առթիվ նախկին պատանդները, զոհվածների հարազատները դեկտեմբերի 14-ին «բաց նամակ» են հղել վարչապետ Բենիամին Նաթանյահուին: Նրանք պահանջում են ստեղծել պետական անկախ հանձնաժողով և հետաքննել ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով պաշտպանության և անվտանգության համակարգի «փլուզման պատճառները»:
Նամակի հեղինակների ներկայացմամբ, «ճշմարտությունը որեւէ մեկի ձեռքին չպետք է առավելություն դառնա, բայց բացահայտումը քաղաքացիների, հանրության հանդեպ Իսրայել պետության պարտքն է»: Հանրության ներկայացուցիչները Նաթանյահուին ընտրության տեղ են թողնում. եթե նա քաղաքական համարձակություն չունի, որպեսզի պատասխանի հուզող հարցերին, ապա պետք է հեռանա և հնարավորություն տա, որ «ժողովուրդն ինքը որոշի»:
Ավելի քան երկամյա վաղեմության իրադարձությունների հետաքննության հարցով պետական հանձնաժողով ստեղծելու որոշում Նաթանյահուն պետք է ստեղծեր դեռևս նոյեմբերին՝ ինչպես նրան առաջարկել էր Իսրայելի Բարձրագույն դատական ատյանը: Խորհրդարանական կոալիցիան, սակայն, այն կարծիքին է, որ «քանի դեռ պատերազմը չի ավարտվել, հետաքննության ժամանակը չէ»: Նաթանյահուն առաջարկել է ստեղծել խորհրդարանական հանձնաժողով:
Իսրայելում եկող տարի պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: ՀԱՄԱՍ-ի հարձակման հանգամանքների հետաքննությունը չի կարող ներքաղաքական հետեւանքներ չունենալ: Նաթանյահուն քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունի և, ամենայն հավանականությամբ, պայքարելու է վարչապետի պաշտոնի համար:
Նրա գլխավոր ախոյան կարող է լինել նախկին վարչապետ Բենետի և «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Լիբերմանի դաշինքը: Նրանք Նաթանյահուին սուր քննադատության են ենթարկում ՀԱՄԱՍ-ի մտադրությունները ժամանակին չկանխատեսելու, զգուշացումներին ուշադրություն չդարձնելու և պաղեստինցի խմբավորումների հետ «համագործակցություն ունենալու» համար:
Նաթանյահուն պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ: Ըստ տեղեկությունների, դեկտեմբերի 29-ին նա Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու հարցը: Նախօրեին Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի զինված թևի երկրորդ դեմք հանդիսացող Ռայեդ Սայեդին: Լիբանանի «Հըզբալա» զինված խմբավորումը հայտարարել է, որ ոչ մի պայմանով զենքը ցած չի դնի, նույնիսկ եթե ամբողջ աշխարհն իրենց դեմ լինի: Նաթանյահուն ՀԱՄԱՍ-ի հարձակման հետաքննության ֆիզիկական ժամանակ կարող է և չունենալ: Իսրայելը նոր պատերազմի է նախապատրաստվում, որի շրջանակներում, հավանաբար, կընդգրկվի նաև Իրանը:










































