Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ՀՀՊ ռադիոտեղորոշիչ կայանի միջոցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը հնարավորություն կունենա հսկելու Հայաստանի և Արցախի օդային տարածքն ու շարժերը: Այս մասին այսօր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Նա նշեց, որ այդ կայանը ռազմական առումով, այդուամենայնիվ, Հայաստանի և Արցախի համար մարտահրավեր չի կարող լինել, քանզի դա ՆԱՏՕ-ի շրջանակներում գործող համակարգ է և որևէ խնդիր չի առաջացնի:
Հարցին, թե Թուրքիան Ադրբեջանի հետ համագործակցելով չի՞ կարող օգտագործել այդ կայանը, թուրքագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցը խիստ դրված կլինի, քանի որ ՆԱՏՕ-ի շրջանակներում է և որոշումների կայացման գործընթացում Թուրքիայի դերը սահմանափակ է»:
Թուրքագետը նկատեց, որ այստեղ կա նաև Թուրքիայի կողմից Իսրայելին տվյալները փոխանցելու հարցը և այդ առումով խստություն կպահպանվի:
Հովսեփյանը տեղեկացրեց, որ հակահրթիռային տեղորոշիչ կայանը հնարավորություն ունի վերահսկելու նաև Ռուսաստանի, Հյուսիսային Կովկասի և սևծովյան ավազանի օդային տարածքը, ինչը մտավախություններ է առաջացրել ՌԴ մոտ. «ՆԱՏՕ-ի համար բաց է դառնում այս ողջ տարածաշրջանը, ինչը ռազմական անվտանգության առումով հուզում է Ռուսաստանին»:
Նա հիշեցրեց, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն արդեն ՆԱՏՕ-ից համապատասխան երաշխիքներ է պահանջել այդ հարցի առումով:







































