Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) պետականաշինության և իրավական քաղաքականության ենթակոմիտեի նիստում քննարկվել է «Նախկին նախագահների կարգավիճակի մասին» օրինագիծը։ Դրանում խոսք է գնում Ադրբեջանի նախկին նախագահների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության ու անվտանգության մասին։
«Նախկին նախագահների կարգավիճակի մասին» օրինագիծը բաղկացած է 12 կետից։ Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ «նախկին նախագահ» են համարվում այն անձինք, ովքեր զբաղեցրել են Ադրբեջանի նախագահի պաշտոնը, նախագահի պաշտոնը զբաղեցրած և կյանքից հեռացածները, ինչպես նաև այն անձինք, որոնց լիազորությունները չեղյալ են հայտարարվել Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն։
Նշվում է, որ մինչ այդ մի շարք պատգամավորներ առաջարկում էին անձեռնմխելիության կարգավիճակ չշնորհել այն անձանց, որոնց դեմ քրեական գործեր են հարուցված։ Սակայն այս դրույթը բացակայում է քննարկվող օրինագծից։ Անձեռնմխելիության կարգավիճակը տարածվում է Ադրբեջանի նախկին 3 նախագահների (Այազ Մութալիբով, Աբուլֆազ Էլչիբեյ, Հեյդար Ալիև) վրա, սակայն նրանցից երկուսը մահացած են, և միայն Մութալիբովն է կենդանի ու բնակվում է Մոսկվայում։
Փաստաթուղթը ենթադրում է պետության նախկին ղեկավարներին ու նրանց ընտանիքների անդամներին բժշկական, նյութական ու սոցիալական ապահովում։ Նախկին նախագահների թոշակը հավասարեցվելու է այդ պաշտոնում նրանց ամսական աշխատավարձի 50 տոկոսին։ Նախկին նախագահի մահվան դեպքում այդ վճարումները ստանալու է նրա կինը, իսկ վերջինիս մահվան դեպքում՝ երեխան (մինչև չափահաս դառնալը)։
Նշվում է, որ այս օրինագիծն կարող է ադրբեջանական խորհրդարանում քննարկման դրվել մինչև տարեվերջ։








































