Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովայի գլխավորած պատգամավորների խումբն այսօր մեկնում է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաք։ Այս մասին հայտարարել է Միլլի մեջլիսի մամլո ծառայությունը։
Դուբրովնիկում մինչև հոկտեմբերի 11-ը կայանալու է ԵԱՀԿ ԽՎ-ի նիստը, որում տեղի է ունենալու «ԵԱՀԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում» խորագրով հատուկ շնորհանդեսը։ Առաջին անգամ ԵԱՀԿ ԽՎ-ում պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի պատրաստած զեկույցների լսումները, որոնք առնչվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Դրանց վերաբերյալ քննարկումներ են ծավալվելու։
ԵԱՀԿ ԽՎ-ի նիստում քննարկվելու են նաև Հարավային և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանների զարգացմանն առնչվող խնդիրներ, տարածաշրջանի երկրների միջև տնտեսական համագործակցությունը, այդ երկրների եվրաատլանտյան ինտեգրումը և այլ հարցեր։










































