Իրանի պահակազորին պատկանող Fars լրատվական գործակալությունը մի հոդվածում խիստ քննադատել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի որդեգրած դիրքորոշումն ու հայտարարությունները Արաբական գարնան իրադարձությունների մասին:
Գործակալության հոդվածագիրը, որը նաև պահպանողական հանրահայտ Keyhan օրաթերթի խմբագիրներից է, նախագահի հայտարարությունների մասին գրել է. «Ահմադինեժադը, ինչ պաշտոնում էլ որ լինի, իրավունք չունի, ազգային շահերն անտեսելով ու ոտնահարելով, նմանօրինակ կարևորագույն խնդիրների շուրջ իր անձնական տեսակետները հայտնել, որոնց սկզբնաղբյուրը հայտնի չէ բոլորին»։
Հոդվածի շարունակության մեջ Սաադոլլահ Զարեին նաև հավելել է. «Երկրի երկրորդ դեմքն իրավունք չունի իր մտքին փչած տեսակետները հրապարակավ հայտարարել, որոնք միայն մեր թշնամիներին են օգուտ բերում:» Նա Ահմադինեժադի տեսակետները Արաբական գարնան շուրջ անարխիստական ու մշուշոտ է անվանել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի նախագահը, ընդդիմանալով երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին, հայտարարել էր, թե արաբական գարունը մարդկային զարթոնքի արդյունք է: Իրանի առաջնորդը արաբական շարժումների սկզբնական շրջանում դրանք իսլամական զարթոնքի արդյունք էր անվանել:











































