The National Interest ամերիկյան ամսագիրը հրապարակել է քաղաքական վերլուծաբան, Կարնեգիի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալի «Վլադիմիր Պուտինը և Հարավային Կովկասը» հոդվածը, որում հեղինակը փորձում մեկնաբանել, թե ինչ նշանակություն կարող է ունենալ Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի վերադարձը տարածաշրջանի համար:
Հոդվածագիրը մասնավորապես նշում է, որ Պուտինի վերադարձը Հայաստանում կուրախացնի Ռոբերտ Քոչարյանին` ևս մեկ նախկին նախագահի, որն այս ընթացքում ստվերում էր: Ակնհայտորեն որոշակի զուգահեռներ կարելի է տանել նախկին նախագահների միջև: Մասնավորապես, երկուսն էլ լքել են իրենց պաշտոնը 2008թ.` նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո, և երկուսն էլ իշխանությունը փոխանցել են իրենց կողմից վստահված անձի: Քոչարյանը, ինչպես Պուտինը, կոշտ գործողությունների կողմնակից է, և դժվարությամբ է գնում փոխզիջումների: Եվ, հնարավոր է, նա իր նախկին դաշնակցի վերադարձը դիտում է որպես սեփական կարիերան վերականգնելու հնարավորություն:
Այնուամենայնիվ, այս հարցում նաև կարևոր տարբերություններ կան: Ի տարբերություն Դմիտրի Մեդվեդևի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2013թ. սկզբին, Քոչարյանի հետ հավասար դիրքերում է կանգնած: Իրոք, նրանք 30 տարի գործընկերներ են եղել, երկուսն էլ իրենց քաղաքական կարիերան սկսել են 1980-ականների սկզբին, իսկ Ստեփանակերտի Կոմունիստական կուսակցությունում անգամ Սարգսյանը Քոչարյանից ավելի բարձր պաշտոն էր զբաղեցնում:
Սակայն, վելուծաբանի կարծիքով, Ռուսաստանում պատկերը մի փոքր այլ է: Նա գտնում է, որ Պուտինը մեծ հեղինակություն ունի Ռուսաստանում, և եթե այնտեղ անցկացվեն արդար ընտրություններ և ոչ թե ձևական թագադրություն, ապա նա միանշանակ կհաղթի: Քոչարյանը, ընդհակառակը, հայ հասարակության մեջ հեղինակություն չի վայելում և վերադարձի դեպքում ուժեղ հակազդեցության կհանդիպի: Սերժ Սարգսյանը, բնականաբար, հասկանում է դա, ուստի այս դեպքում նա նույնիսկ կարող է ստանալ ընդդիմության լուռ աջակցությունը, որոնք այդ պաշտոնում նրան կգերադասեն Քոչարյանից:









































