«Համաժողովրդական քաղաքացիական ֆորումի» շրջանակներում, որն ունի մի շարք ենթախմբեր, այսօր Ազատության հրապարակում քննարկում կազմակերպվեց ` «Քաղաքակացիական ֆորումի ռազմավարությունը» թեմայի շրջանակներում, որին մասնակցեց «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Երբ նրանք Ազատության հրապարակ եկան`նրանց ողջունեցին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Նախ խոսեց Աշոտ Մանուչարյանը՝ նշելով, որ եթե անգամ վաղը իշխանությունը հեռանա և ձևավորվի նոր իշխանություն` մենք երկրի որակները տեսնելուց հետո միայն պետք է ասենք` հաղթեցի՞նք, թե՞ հերթական անգամ պարտվեցինք: «Եթե հասկանում ենք, ինչ է մեզ պետք` մենք իշխանությունը կարող ենք հաստատել և գնալ այն ճանապարհով, ինչպես մինչև ֆորմալ իշխանությունը ձևավորելը:
Այսինքն՝ իրական իշխանությունը վերցնելու ճանապարհ կա: Այսինքն` այս հրապարակից կարելի է ղեկավարել ամբողջ հանրապետությունը, որ բոլոր պետական ատյանները կատարեն հրապարակի կամքը` եթե ճիշտ ձևով այդ ամենը կազմակերպվի: Այս հրապարակից է ծնվել նոր Հայաստանը, ծնվել մեր հիմնական շարժումը, որի բաղկացուցիչ մասն եմ համարում այն, ինչ որ 2007-ից շարունակվեց: Հրապարակը հանրապետության լուրջ հոգևոր կենտրոն է»,- ասաց Մանուչարյանը:









































