Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։
Այս մասին հայտնում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նշելով, որ ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։
Նախարարությունից հիշեցնում են, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության ներքոնշյալ եղանակներից որևէ մեկի ձևով.
- Բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում
- Անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում
- Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։
Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք.
- Տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո
- Ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
- Ունեն սեփականություն
- Չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում։







































