Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, լուրջ չի վերաբերվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու բարոյական և քաղաքական իրավունք ունի. նա գտնում է, որ բարոյական մարդն իրեն թույլ չէր տա նման հայտարարություն անել: Այս մասին Ալլա Հովհաննիսյանն ասաց «Առաջին լրատվականի» հետ զրույցում:
«Ես լուրջ չեմ վերաբերվում իշխանության ներկայացուցիչների նմանօրինակ հայտարարություններին, որովհետև նրանք այն կուսակցությունների անդամներն են, ովքեր մարտի 1-ից հետո անգամ չցավակցեցին զոհերի ծնողներին: Ուղղակի չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը մարդասպան Քոչարյանի հասցեին նման արտահայտություն արած լինի: Եթե այդպիսի արտահայտություն է արել, ուրեմն ճիշտ են ասում, որ իր թիկնապահները ևս եղել են մարտի 1-ին կրակողների շարքերում և հրահանգված են եղել իր կողմից: Եթե Գագիկ Ծառուկյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու բարոյական իրավունք ունի, ապա ես էլ բարոյական իրավունք ունեմ ասելու, որ այո, նրա թիկնապահները ևս մասնակցել են մարտի 1-ի սպանդին` ոստիկանների հետ կրակելով մեր երեխաների վրա»,- նկատեց Ալլա Հովհաննիսյանը:
Նա նաև նշեց, որ լավ գիտի ժողովրդի` Հայաստանի երկրորդ նախագահի հանդեպ վերաբերմունքը: «Կարծում եմ` Գագիկ Ծառուկյանն իրավունք չունի խոսել ժողովրդի անունից, որովհետև Քոչարյանին վերադառնալ կամ չվերադառնալ կարող է թույլ տալ միայն ժողովուրդը»,- հավելեց Տիգրան Խաչատրյանի մայրը:
Ամփոփելով` Ալլա Հովհաննիսյանն ընդգծեց, որ նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանին բարոյական են համարում, կիսում են նրա մտածելակերպը և գործողությունները:









































