ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում Բելգորոդի բնակավայրերի վրա մոտ 140 անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումներ են իրականացրել:
Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում նշել է, որ ուկրաինական 2 ԱԹՍ հարվածել են Բելգորոդին, որի հետևանքով վիրավորվել է 2 քաղաքացիական անձ, վնասվել 2 բազմահարկ շենքերի 3 բնակարան, 2 առևտրային օբյեկտ և ավտոմեքենաներ:
Բացի այդ՝ ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել մարզի մի շարք բնակավայրերի ևս, որտեղ նույնպես վիրավորներ կան:
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը որսացել և վնասազերծել են ուկրաինական 21 ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք, որից 11-ը Վոլգոգրադի մարզի տարածքում, 8-ը՝ Ռոստովի, մեկական՝ Բելգորոդի և Բրյանսկի մարզերում։









































