Եվրոպական առողջապահական մարմինները զգուշացրել են, որ 2025 թվականի ամռանը կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների ռեկորդային աճ, իսկ ամենամեծ մտահոգությունն են առաջացնում Արևմտյան Նեղոսի և չիկունգունյա վիրուսները։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ Եվրոպայում մոծակների սեզոնը գնալով ավելի երկար և ինտենսիվ է դառնում։
«Սա պայմանավորված է միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացմամբ, ավելի մեղմ ձմեռային կլիմայով և տեղումների օրինաչափության փոփոխություններով՝ գործոններ, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծում մոծակների բազմացման և նրանց կողմից տարածվող վարակների տարածման համար»,-նշված է զեկույցում։
Առողջապահության և կլիմայի հարցերով փորձագետները նշում են, որ կլիմայի փոփոխությունը կարող է մոծակների միջոցով տարածվող հիվանդությունները էնդեմիկ դարձնել Եվրոպայում։
«Եվրոպան մտնում է նոր փուլ, որտեղ մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների ավելի երկարատև, ավելի մեծ և ինտենսիվ փոխանցումը դառնում է նոր իրականություն», – ասել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տնօրեն Պամելա Ռենդի-Վագները։










































