«Փրկե՛նք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կազմակերպությունը պայքարել ու պայքարելու է կենդանիների ոչնչացման անարդյունավետ եղանակների և սպանդի դեմ` կոչ անելով անտեղի չվատնել բյուջեի միջոցները և պահպանել բարոյական կողմը:
Նա տեղեկացրեց, որ այսօր երեկոյան ժամերին նախաձեռնության անդամները քաղաքի տարբեր մասերում կկազմակերպեն շների որդեգրման ակցիաներ ու կոչ կանեն մարդկանց դրամահավաք կազմակերպել՝ ի պաշտպանություն իրենց խնամքի տակ գտնվող կենդանիների:
Այսօրվա դրությամբ՝ շների կացարանում ապրում է շուրջ 250-255 շուն: Կացարանի կենդանիների խնամքն ամբողջովին կազմակերպվում է «Փրկե՛նք կենդանիներին» ՀԲԿ-ի կողմից հայթայթած բարեգործական միջոցներով:
Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածով, որով սահմանվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 80-100-ապատիկի չափով:









































