Այսօր Աժ-ում Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրին իր ելույթը սկսեց շնորհակալություններով․ «Նախևառաջ շնորհակալություն եմ հայտնում ԱԺ նախագահ, իմ բարեկամ Հովիկ Աբրահամյանին և ԱԺ հարգարժան անդամներին՝ ինձ և պատվիրակությանը ձեր գեղեցիկ երկիր հրավիրելու, ինչպես նաև ձեր ջերմ ընդունելության, ջերմ հյուրընկալության, բացառիկ արարողակարգի, ինչպես նաև ՀՀ վսեմաշուք նախագահի հետ հանդիպելու, այսօր ԱԺ նիստում ներկա գտնվելու և ելույթով դիմելու հնարավորության համար»:
Նա հիշեցրեց, որ 1997-ի սեպտեմբերին ևս առիթ է ունեցել այցելել Հայաստան և ավելացրեց. «Խորին շնորհակալություն եմ հայտնում ձեր երկրին, որը մշտապես կանգնած է եղել արաբական երկրների կողքին և զորակցել Լիբանանին` դիմագրավելու իսրայելական ագրեսիային: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը, որովհետև մենք ևս ենթարկվել ենք ցեղասպանության: Այս կապակցությամբ Լիբանանի ԱԺ-ն կոչ է ուղղել իր ժողովրդին՝ հարգանքի տուրք մատուցելու բարեկամ հայ ժողովրդի անմեղ նահատակների հիշատակին: Մեր երկու երկրների միջև գոյություն ունի մի այնպիսի կամուրջ, ինչպիսին է Լիբանանի հայությունը, որը մեծ ավանդ ունի Լիբանանի հասարակական և քաղաքական կյանքում: Մեր երկու երկրների միջև կնքված է ավելի քան քսան համաձայնագիր: Հայաստանի համալսարանն ավարտած ավելի քան 2000 լիբանանցի շրջանվարտները ևս կամուրջ են հանդիսանում երկու երկրների միջև: Իսկ մեկուկես տարի առաջ Հայաստանի և Լիբանանի խորհրդարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել»:
Նա մաղթեց նաև, որ Թուրքիայի խորհրդարանը ավելի քան երկու տարի առաջ ստորագրված արձանագրությունները շտապ վավերացնի:
Լիբանանի խորհրդարանի խոսնակն իր ելույթն ավարտեց այսպես. «Կեցցե՛ք, կեցցե՛ Հայաստանի Ազգային ժողովը, Կեցցե՛ Հայաստանը, Կեցցե՛ Լիբանանը»:









































