Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու Ադրբեջանի հեռանկարներին. ընտրությունները կայանալու են հոկտեմբերին.
«Ադրբեջանից բացի, ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալուն հավակնում են ևս երկու երկիր՝ Սլովենիան և Հունգարիան։ Մնացած թեկնածուները ԵՄ անդամներ են, ինչը նշանակում է, որ նրանք համապատասխան աջակցություն են ստանալու ԵՄ-ի երկրներից։ Ամեն դեպքում, մենք զգում ենք Չմիավորման շարժման և Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների աջակցությունը։ Դրանք Ադրբեջանի ավանդական դաշնակիցներն են։
Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ ԳԱ նստաշրջանի շրջանակներում ես առավելագույն քանակությամբ հանդիպումներ ունեցա մեր գործընկեր երկրների պատվիրակությունների հետ՝ խնդրելով նրանց աջակցությունը Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու հարցում։
Վերջին 20 տարիներին Ադրբեջանը մեծ ճանապարհ է անցել և լուրջ հաջողություններ արձանագրել։ Մոտ «1 միլիոն» փախստական և հարկադիր վերաբնակ ունեցող Ադրբեջանն օգնել է բնական աղետներից տառապող և թույլ զարգացած երկրներին, ինչի վառ օրինակը Սոմալին է։ Ադրբեջանն «արժանի» է մասնակցելու Անվտանգության խորհրդի աշխատանքներին»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը հայտարարել է, որ, ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հետ մեկտեղ, որոշակի կարգավիճակ ունեն նաև նրա ժամանակավոր անդամները.
«Նրանք տիրապետում են որոշակիորեն համաշխարհային քաղաքականության վրա ներազդելու մի շարք մեխանիզմների։ Աշխարհում ընթացող կարևոր իրադարձությունների մասին որոշումներ ընդունելիս և դրանք ի կատար ածելիս հաշվի է առնվում նաև ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամների կարծիքը։
Եթե Ադրբեջանին շնորհվի ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամի կարգավիճակ, ապա նա կարող է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին իրազեկել տարածաշրջանային քաղաքականության իրողությունների և դրանում առկա խնդիրների մասին։ Ժամանակավոր անդամ դառնալու համար Ադրբեջանին կաջակցի Արաբական երկրների լիգան և այլ երկրներ։
Քվեներ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ հուսալի գործընկերոջ իմիջ։ Պետք է քվեարկող երկրներին վստահեցնել, որ եթե Ադրբեջանն ընտրվի, ապա նա կվարի անկողմնակալ քաղաքականություն։ ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելը դրականորեն կազդի Ադրբեջանի խնդիրների վրա»։











































