Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա երկու շաբաթների ընթացքում կորոշի, թե արդյո՞ք ԱՄՆ կմտնի Իսրայել-Իրան հակամարտության մեջ: Փաստորեն, Սպիտակ տունը ժամանակ է վերցնում երկու շաբաթ, ինչը նշանակում է թերևս, որ Դոնալդ Թրամփը սպասում է ինչ-որ բանի:
Ի՞նչ պետք է տեղի ունենա այդ երկու շաբաթվա ընթացքում, որ կազդի Թրամփի որոշման այս կամ այն տարբերակի վրա: Սպիտակ տան հայտարարությունը, կարծես թե, զգալիորեն վկայում է այն տարբերակի հավանականության մասին, որին անդրադարձա նախորդ հոդվածով, խոսելով ռուս-չինական համատեղ առաջարկի մշակման մասին, որի վերաբերյալ պայմանավորվածություն է եղել Պուտինի և Սի Ցզինպինի հեռախոսազրույցի ընթացքում: Անկասկած է, որ առաջարկը պատրաստ լինելու պարագայում այն չի ներկայացվելու որևէ այլ տեղ, այլ սուբյեկտի, քան հենց ԱՄՆ նախագահին:
Միայն Դոնալդ Թրամփի հետ եռակողմ քննարկումների արդյունքի հիման վրա այն «կիջեցվի» նաև անմիջականորեն պատերազմող կողմերին, և թերևս մեծ հավանականությամբ կիմպլեմենտացվի: Եթե ԱՄՆ, Ռուսաստանն ու Չինաստանը գան իրան-իսրայելական հարցում որևէ կայուն համաձայնության, ապա առնվազն կայուն հրադադարի հնարավորությունը էապես կբարձրանա: Իհարկե, այստեղ նոր «կբարձրանա» հարցը, թե արդյո՞ք Եվրոպան կփորձի դարձյալ դիմադրել այդպիսի համաձայնությանը, ինչպես օրինակ դիմադրեց՝ և, ըստ էության, իր համար հաջողությամբ դիմադրեց ուկրաինական հարցում:
Թեև, Ուկրաինայի հարցում հրադադարի վերաբերյալ Չինաստանի ցանկությունը գուցե որոշակիորեն հարաբերական է: Ի վերջո, Ուկրաինայում պատերազմի շարունակությունը Պեկինի համար, թերևս, ոչ միայն խնդիր չէ, այլ պարունակում է գուցե շահավետ որոշակի շերտեր: Այլ է Չինաստանի շահագրգռությունը Իրանի պարագայում: Բայց, այստեղ էլ կարող է խաղարկվել երկսայրի սցենար: Այսինքն, դիտարկել երկու հրադադարները «համատեղ»:
Մոսկվան ու Վաշինգտոնը կարող են Պեկինին «ընդառաջել» Իրանի հարցում հրադադարի հասնելու ուղղությամբ, թեև այստեղ հրադադարը զգալիորեն պետք է թերևս բոլորին էլ, բայց այս պահին ամենից զգայունը այդուհանդերձ Չինաստանն է, իսկ դրա դիմաց ակնկալեն, որ Պեկինը ավելի անմիջական ու առարկայական ջանքով կմիանա ուկրաինական հարցում հրադադարի հասնելու գործընթացին, եթե, իհարկե, Ռուսաստանը ստանա իր պայմանների բավարարում, որ ներկայացրել է Ուկրաինային:
Սա, իհարկե, որպես սցենարային տարբերակներից մեկը, այլ ոչ միակը: Բոլորովին փաստ չէ, որ երկու ուղղությունները դիտվելու են այսպես ասած զուգակցված: Ներկայումս դրանց «քաշային կատեգորիաները» խիստ տարբեր են, առավել ևս ԱՄՆ-ի համար, և հատկապես Թրամփի համար: Ուկրաինայում խաղաղության բացակայությունից որոշակի ելք նա գտել է հանածոների վերաբերյալ պայմանագրի տեսքով, իսկ ահա Իրանի դեմ պատերազմի հարցում նրա այլընտրանքները մեղմ ասած մեծ չեն, իսկ պատերազմը կարող է առավել ծանրացնել Թրամփի խնդիրները ԱՄՆ ներսում իր քաղաքական ու գաղափարական հակառակորդների հետ պայքարում:









































