Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ելույթ ունենալով Թեհրանում Պաղեստինի դիմադրողական պայքարին նվիրված համաժողովի ընթացքում, դեմ է արտահայտվել Մահմուդ Աբբասի՝ ՄԱԿ-ին հանձնած անկախ Պաղեստինի գաղափարին:
Ըստ Իրանի առաջնորդին՝ ՄԱԿ ներկայացված անկախ Պաղեստինի նախագիծն ապացուցում է, որ պետք է Պաղեստինը մասնատել երկու մասի ու նաև ճանաչել Իսրայելի ոչ լեգիտիմ իշխանությունը բռնագրավված Պաղեստինի տարածքում:
Գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առաջնորդն առաջարկել է, որ Պաղեստինի անկախության հարցի շուրջը հանրաքվե անցկացվի հենց Պաղեստինում, որին կմասնակցեն բոլոր կրոնների ներկայացուցիչները:
Այաթոլլահ Խամենեին նաև հավելել է, թե չի ասում, որ հրեա գաղթականները ամբողջությամբ պիտի ծովը նետվեն, բայց այդ տարածքները պատկանում են պաղեստինցի ժողովրդին, նրանք են այդ շրջանների տերը, ու հենց նրանց հանրաքվեով է, որ պիտի որոշվի այդ շրջանների ճակատագիրը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Նյու Յորքում հավանություն էր տվել Մահմուդ Աբբասի առաջարկած՝ 1967-ի սահմանների հիման վրա Պաղեստինի անկախ պետականությունը հաստատելու նախագծին:











































