Թուրքիան փորձելու է դառնալ արաբական քաղաքական էլիտա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը` խոսելով թուրք-իսրայելական հարաբերությունների շուրջ:
«Մենք խեղաթյուրված պատկերացում ունենք Ադրբեջանի մասին. այն թուրքական պետություն է, Կիպրոսի հյուսիսային մասը նույնպես թուրքական պետություն է, բայց մայր երկիրը Թուրքիան է»,- տեղեկացրեց Լ. Շիրինյանը` հավելելով, որ Թուրքիան ագրեսիվ պետություն է, և գիշատչությունը մնացել է նրա էթնոսի մեջ: Շիրինյանի փաստմամբ` Թուրքիան ստրատեգիական իմաստով ագրեսիվ է, և երբ ուժ է ունենում՝ ծավալվում է, իսկ այժմ նա մեծ ուժ է զգում:
Մեկնաբանելով արաբական աշխարհի փոփոխությունները՝ Լ. Շիրինյանն ասաց, որ ստեղծվել է հեղափոխական իրավիճակ և չկա առաջնորդ, այսինքն` փոխվում է արաբական աշխարհի քաղաքական էլիտան, և Թուրքիան փորձելու է օգտվել, որովհետև իրեն է համարում էլիտա: Նա նաև հավաստիացրեց, որ արաբական աշխարհը չի կարող խոչընդոտել Թուրքիայի գործողությունները:
Լ. Շիրինյանի կարծիքով՝ Իսրայելի քաղաքականությունը ձախողվեց: «Իսրայելը մակընթացության շրջան է մտել՝ հարաբերությունների սրում կլինի, բայց դանդաղ, իսկ ԱՄՆ-ը կփորձի հավասարակշռություն պահել: Իսրայելը պետք է Իրանի հետ հարաբերությունները ճշգրտի»,- ընդգծեց նա:
Համատեղ ասուլիսի ընթացքում Իրանի դիրքորոշումը ճշգրտելու փաստը անհրաժեշտություն համարեց նաև քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել Իրանի բոլոր գործընթացները, որոնք պետք է ընդունել որպես փաստ: Առանց Իրանի ոչինչ չի փոխվի»,- վստահեցրեց Սերգեյ Շաքարյանցը:











































