Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մայիսի 5-ին Սամարղանդում նախատեսված՝ Կենտրոնական Ասիա-Պարսից ծոցի արաբական երկրներ գագաթաժողովը հետաձգվում է: Ընդ որում՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անորոշ ժամկետով: Ըստ աղբյուրի՝ նման որոշում կայացվել է «փոխադարձ համաձայնությամբ»:
«Կողմերը շարունակում են նոր ժամկետի համաձայնեցման շուրջ խորհրդատվությունները, արդյունքների մասին կտեղակացվի ավելի ուշ»,- ամփոփել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը: Ըստ տեղեկությունների՝ գագաթաժողովին պետք է մասնակցեին Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Բահրեյնի, Օմանի և Կատարի առաջնորդները:
Սամարղանդն ապրիլի առաջին օրերին հյուրընկալել է Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթաժողովը, որի բացման ելույթում Եվրահնաձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը տարածաշրջանն անվանել է «Եվրասիայի բաբախող սիրտը»: Արդյունքում Եվրամիությունը խոստացել է առաջիկա տարիներին Կենտրոնական Ասիայի երկրներում շուրջ 13 միլիարդ եվրոյի ներդրումային ծրագրեր իրականացնել:
ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովի շուրջ Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակների դիրքորոշումն ընդգծված բացասական է: Մոսկվայի անհանգստությունը դրսևորվել է արտաքին գործերի նախարար Լավրովի՝ Սամարղանդ ուղևորությամբ, որի ընթացքում նա բանակցություններ է վարել ինչպես պաշտոնակցի, այնպես էլ Ուզբեկստանի նախագահ Միրզիեևի հետ:
Լավրովի սամարղանդյան «ստուգայցից» մեկ շաբաթ հետո Կենտրոնական Ասիա-Պարսից ծոցի արաբական երկրներ գագաթաժողովի անորոշ ժամկետով հետաձգումը վկայում է, որ չնայած Ուզբեկստանի խորհրդարանի պատգամավորի մակարդակով Ռուսաստանի հասցեին հնչեցված սուր քննադատությանը, որ «հարգանքը չեն պարտադրում, այլ վաստակում են», պաշտոնական Տաշքենդն, այնուամենայնիվ, ստիպված է եղել սահմանափակել աշխարհաքաղաքական «ենթաբևեռի կենտրոն» դառնալու հավակնությունը:
Ուզբեկստանի նախագահը, ինչպես և Կենտրոնական Ասիայի մյուս երկրների առաջնորդները, պատրաստվում է մայիսի 9-ին մեկնել Մոսկվա և մասնակցել Հաղթանակի օրվա տոնակատարություններին: Կասկածից դուրս է, որ Վլադիմիր Պուտինը հնարավորությունն օգտագործելու է, որպեսզի «զարկերակ շոշափի»: Սամարղանդում ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովից հետո նա հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ:
Բացառված չէ, որ Կենտրոնական Ասիա-Պարսից ծոցի արաբական երկրներ գագաթաժողովը հետաձգվել է նաև իրանա-ամերիկյան և ռուս-ամերիկյան բանակցություններում «պատային իրավիճակի» պատճառով: Ոչ ոք չգիտի, թե Մերձավոր Արևելքում ինչ իրավիճակ կստեղծվի, եթե իրանա-ամերիկյան բանակցությունները խզվեն կամ ինչ ընթացք կունենան ռուս-ամերիկյան հարաբերությունները, եթե Վլադիմիր Պուտինը վերջնականապես մերժի «կարգավորման Թրամփի պլանը»:
Եվրամիությունը մտադիր է այդ դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն ընդունել, Միացյալ Նահանգների Սենատում քննարկվում է տարբերակ, որ ԱՄՆ-ն կարող է հավելյալ սահմանափակումներ կիրառել, անգամ երկրորդային պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերություններ ունեցող երկրների դեմ: Այս համատեքստում Կենտրոնական Ասիայի երկրների համար Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ աշխարհաքաղաքական նշանակության հարցերի քննարկումն իսկ, ինչ խոսք, ռիսկային կլիներ:
Մայիսի 9-ի տոնախմբությունների պատվավոր հյուրերի այսպես ասած՝ «պսակը» կկազմեն Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները: Ի՞նչ «լեզվով» է նրանց հետ խոսելու Վլադիմիր Պուտինը, գործընկերությա՞ն, թե՞ հարկադրանքի: Դատելով Սամարղանդում Լավրովի հնչեցրած մտքերից՝ Մոսկվան Կենտրոնական Ասիային ոչ թե առաջարկություններ, այլ վերջնագիր ներկայացնելու կեցվածքի մեջ է: Հավանաբար, Կենտրոնական Ասիան պաուզա է վերցրել՝ մինչև «համաշխարհային քաղաքական օվկիանոսի ջրերը կպարզվեն»: Վլադիմիր Պուտինի «Մեծ Եվրասիա» նախագծի ճակատագիրը կախված է Կենտրոնական Ասիայի «հպատակեցումից»:









































