Անգլիայում սկանդալ է սկսվել Պորտսմուտի համալսարանի ուսանողների մերկ նկարներով օրացույցի պատճառով. օրացույցի «չխմբագրված» լուսանկարները հայտնվել են պոռնոկայքերում և ֆորումներում:
2006թ.-ից ամեն տարի բարեգործական նպատակներով թողարկվում են այդպիսի օրացույցներ, և դրանց վաճառքից հավաքվում է շուրջ 10 հազար ֆունտ սթեռլինգ:
Ինչպես հաղորդում է The Daily Mail թերթը, այդպիսի օրացույցների համար ինքնակամ «մանեկեններ» են դարձել ոչ միայն աղջիկներ, այլև տղաներ: Նրանք լուսանկարվել են միայն ներքնազգեստով, սակայն նկարները բավականին «խելամիտ» կերպով են հրապարակվել` այնպես, որ պոռնոգրաֆիայի մասին որևէ կասկած չէր էլ կարող լինել:
Այս անգամ համացանցում հայտնվել են «չխմբագրված» նկարները: «Մանեկենները» չեն էլ կասկածել, որ կարող է նման բան լինել և շոկի մեջ են հայտնվել: Նրանք հայտարարում են, որ համաձայնել են մասնակցել նկարահանումներին բացարձակապես բարեգործական նպատակներով, և չէին կարող ենթադրել, որ մի գեղեցիկ օր դրանք կարող են հայտնվել պոռնոկայքերում: Աղջիկները անհանգստացած են իրենց ապագայով, քանի որ մերկ լուսանկարները կարող են ծանր հետք թողնել նրանց կարիերայի վրա:
Համալսարանի ուսանողական ղեկավարությունը պահանջել է դադարեցնել օրացույցների թողարկումը:
Օրացույցը հրատարակողները հայտնում են, որ նման նկարահանումների համաձայնելիս ուսանողները պետք է հասկանային ամբողջ պատասխանատվությունը և այդ լուսանկարների` համացանցում հայտնվելու հավանականությունը: Որոշ ուսանողներ հանդես են գալիս օրացույցի պաշտպանությամբ:









































