Ապրիլի 3-4-ին Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդաժողով, որի օրակարգը բաժանվել է երեք առանձին քննարկումների: Եվրոպական անվտանգության վերաբերող նիստին մասնակցել է նաև ԵՄ արտաքին կապերի և անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը:
Ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների՝ Բրյուսել է ժամանել նաև Միացյալ Նահանգների պետական քարտուղար Ռուբիոն: Դատելով մամուլի ներկայացուցիչների հետ շփումներում նրա հայտարարություններից՝ Վաշինգտոնում իրոք դժգոհ են Ուկրաինայի հարցում Ռուսաստանի կեցվածքից: Ռուբիոն, մասնավորապես, ասել է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի հաստատման բանակցություններին, և Վաշինգտոնն այժմ ոչ թե ամիսների, այլ մի քանի շաբաթների կտրվածքով սպասում է Ռուսաստանի դիրքորոշմանը, թե որքանով է պատրաստ խաղաղության:
Լրագրողները Ռուբիոյին ուղղակի հարցրել են, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ն, եթե Ռուսաստանը, ինչպես փորձագետներից շատերն են կարծում, Ուկրաինայի դեմ անցնի նոր լայնածավալ հարձակման: «Որպեսզի մենք մի օր չարթնանանք և չիմանանք, որ ռուսները նոր հարձակման են անցել, նախագահ Թրամփը ձգտում է, որպեսզի այդ մասին Միացյալ Նահանգները տեղեկացված լինի»,- պատասխանել է պետքարտուղար Ռուբիոն:
ԱՄՆ պետքարտուղարը, ըստ էության, խոստովանել է, որ արդեն մի քանի շաբաթ ընթացող քննարկումներից Վաշինգտոնում այդպես էլ հստակ պատկերացում չունեն՝ Ռուսաստանը մտադի՞ր է հասնել հրադադարի, թե՞ ընդամենը ժամանակ շահելու համար է բանակցություններ սկսել:
Շատ էական է, որ Ռուբիոն նման բացահայտում արել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդաժողովից հետո: Այդ միջոցառման մի առանձին քննարկում նվիրված է ուկրաինական կարգավորմանը: Այդ առթիվ Բրյուսել է հրավիրվել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիգիբան: Հավանական է, որ քննարկումների շրջանակներում կայացել է նրա և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը:
Բրյուսելի երկօրյա քննարկումների քաղաքական կարևորությունը, կարծես, բնորոշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն: Նա հատկապես ընդգծել է եվրաատլանտյան անվտանգային համակարգին ԱՄՆ «շարունակվող ներգրավվածությունը»: Ճիշտ է, պետքարտուղար Ռուբիոն կրկին դաշինքի անդամ երկրներին հորդորել է մեծացնել ռազմական ծախսերը՝ դրանք հասցնելով ՀՆԱ-ի հինգ տոկոսին, բայց ընդհանուր տպավորություն է, որ Ռուսաստանի հետ բանակցություններից «հիասթափված» ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ն «կազմացրելու» մտադրություն չունի:
Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարները և Միացյալ Նահանգների պետքարտուղարը համաձայնեցրել են կազմակերպության գագաթաժողովի անցկացման ժամկետը և վայրը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները կհանդիպեն Հաագայում, առաջիկա հունիսի 25-ին:
Ըստ ամենայնի՝ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ մինչև ապրիլի վերջ «գործարք կնքելու» հավանականությունը չափազանց նվազ է, իսկ այդ դեպքում ԱՄՆ նախագահ Թրամփը, որքան էլ որ դա նրա համար «անեծք լինի», պետք է եվրոպական գործընկերների հետ հարաբերություններում ավելի չափավոր և պրագմատիկ դիրքորոշում ընտրի:
ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը կարո՞ղ է ԱՄՆ-Եվրոպա գործընկերության վերբեռնման հարթակ լինել: Տրամաբանորեն՝ այո, որովհետև դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցը:
Այս իմաստով կարևոր է նաև Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթաժողովը, որի բացման խոսքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը տարածաշրջանն անվանել է «Եվրասիայի բաբախող սիրտ»: ԱՄՆ-ի նախագահը, իհարկե, «աշխարհին տնտեսական պատերազմ է հայտարարել», բայց եթե Թրամփին չի հաջողվում «կոտրել» Պուտինին, իսկ ԱՄՆ պետքարտուղարը դա խոստովանել է, ապա ՆԱՏՕ-ի անվտանգային երաշխիքների պահպանումը և կատարելագործումը պարզապես այլընտրանք չունի:











































