Սիրիայի ընդդիմությունն առաջին անգամ միջազգային միջամտություն է խնդրում` երկրի բնակչությանը պաշտպանելու համար. մասնավորապես նրանք առաջարկում են ՄԱԿ-ին ոչ թռիչքային գոտի ստեղծել երկրի օդային տարածքի վրա:
Ինչպես գրում է The Wall Street Journal պարբերականը, Սիրիայի ընդդիմադիր ուժերը խնդրել են միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին մեծ ուշադրություն դարձնել երկրում տիրող իրավիճակի վրա և պաշտպանել բնակչությանը Սիրիայի անվտանգության ծառայությունների գործողություններից:
Ընդդիմադիրները կարծում են, որ նախագահ Բաշար Ալ-Ասադին և երկրի բարձրագույն ղեկավարությանը պետք է մեղադրանք ներկայացվի մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու համար: Նրանք կոչ են արել ՄԱԿ-ին իրենց երկիր ուղարկել խաղաղապահների և ոչ թռիչքային գոտի ստեղծել:
ԱՄՆ-ը և Եվրամիության երկրները, սակայն, հարկ չեն համարել, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու վերաբերյալ բանաձև ընդունի:
Արաբական առաջատար երկրների դիվանագետները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակին միջամտելու, մասնավորապես մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորությունը: Նրանց կարծիքով՝ Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելը այն կվերածի «անվտանգ դրախտի»:
«Այս սցենարը գնալով ավելի շատ է քննարկվում… սակայն առայժմ բավականին դժվար է դա իրականացնել»,- մեջբերում է պարբերականը դիվանագետներից մեկի խոսքերը: Նրա խոսքով` այդպիսի որոշման համար անհրաժեշտ է ԱՄՆ աջակցությունը:








































